Մամուլ

Հայաստանը կամավոր տարբերակով հրաժարվել է ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի միջանկյալ որոշումը կատարել

ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի միջազգային արբիտրաժի որոշումը չկատարող կառավարության ներկայացուցիչ Սրբուհի Գալյանը պնդում է՝  կառավարությունը ջանքեր է գործադրում, որ արբիտրաժի ինստիտուտը հաջողի՝ որպես վեճերի՝ այլընտրանքային լուծման մեխանիզմ, բեռնաթափել դատական ատյանները, ներդրումներ լինեն։ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը,  պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ն չի կատարում Ստոկհոլմի Արբիտրաժային դատարանի որոշումը ՀԷՑ-ի վերաբերյալ, նշեց, թե կառավարությունը կամավոր չի կատարում այդ որոշումը։

«Մենք այս պահին ունենք հետևյալ իրականությունը՝ միջազգային Արբիտրաժը կայացրել է միջանկյալ որոշում, ըստ էության, հայցի ապահովում կիրառելու մասին, որն այս պահին չի կատարվում կառավարության կողմից կամավոր տարբերակով»,- նշեց նա։ 

Նրա խոսքով՝ կա մեխանիզմ, որ դա կատարվի հարկադրաբար և կա մեխանիզմ՝ դա չկատարելու, եթե դատարանները կորոշեն այդ որոշումը հակասում է հանրային կարգին: Ըստ Գալյանի՝ սրանք կարգավորումներ են, որոնք կան միջազգային համապատասխան իրավական ակտերում և ներպետական իրավական ակտերում:

«Ես չէի ուզենա շատ մեկնաբանել արբիտրաժային համապատասխան որոշումը, բայց այդ որոշումը վերաբերում է մեր օրենսդրական ակտին, որը կատարվել է ՀՀ կողմից: Այսինքն, ՀՀ-ն գործել է օրենքի շրջանակներում, իսկ արբիտրաժային որոշմամբ սահմանվում է, որ մենք չպետք է կիրառենք մեր ներպետական օրենսդրությունը: Կներեք, սա մեր պետությունն է, և մենք ասում ենք, որ մեր պետությունը իրավական է: Իրավական պետությունը պետք է հետևի իրավական կարգավորումներին, որոնք կան, գործող են և սահամանադրական են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել և արբիտրաժային որոշումը հակասում է հենց դրան»,- նշեց նա։