Մամուլ

Հայաստանը Թուրքիան չէ, պարո՛ն Փաշինյան, ու դուք էլ Էրդողանը չեք. Սամվել Ֆարմանյան

Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով «Yerevan today» կայքում կատարված խուզարկությանը գրել է.

«Լրատվամիջոցների ու խոսքի ազատությունը մեր երկրում տասնամյակների տեւական ջանքերի արդյունք է, հարյուրավոր լրագրողների, խմբագիրների, քաղաքական գործիչների, քաղհասարակության ներկայացուցիչների, երեւացող ու հանրության աչքից դուրս մնացած կարեւոր դերակատարների նվիրումի ու հանձնառության արդյունք: Դա ձեռքբերում է, որ հավուր պատշաճի գնահատվել է նաեւ մեր միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից եւ շահեկան վիճակում դրել մեր ժողովրդավարությունը` հարեւան երկրների հետ համեմատության հարթությունում:

Ի վերջո, քաղաքական իշխանափոխությունը մեր երկրում եւս հետեւանք էր խոսքի ու մամուլի, այլ ազատությունների անխախտ առկայության:

Այսօրվա գործողությունները, անկախ փաթեթավորումից ու ներկայացվող նպատակից, հերթական հախուռն ու լավ չմտածված մեծ հարվածն է հայաստանյան ժողովրդավարությանը, խոսքի ու մամուլի ազատությանը, մեր երկրի միջազգային հեղինակությանը: Կոչ եմ անում խնդրով մտահոգ բոլոր դերակատարներին հնչեցնել իրենց անհամաձայնության ուղերձը:

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին, կառավարությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին սթափվել, հանդարտվել, խաղաղվել ու փորձ անգամ չանել նմանվելու Ռեջեբ Էրդողանին, ով իրեն ներքին հավաքական անորոշ թշնամի հռչակած «գյուլենականներ» փնտրելու պատրվակով, անում է մտքին փչածը` թքած ունենալով երկրի միջզգային հեղինակության վրա, կործանելով ժողովրդավարությունը, «գյուլենական» կարգելով լրագրողներին ու գիտնականներին, քաղաքական գործիչներին ու իր բոլոր ընդդիմախոսներին:

Հայաստանը Թուրքիան չէ, պարո՛ն Փաշինյան, ու դուք էլ Էրդողանը չեք:

Արտաքին վտանգներով շրջապատված ու պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրի իմաստուն առաջնորդը համախմբում է հասարակությանը, ոչ թե` հակառակը:

Սթափվե՛ք, քանի դեռ դուք դրա հնարավորությունը, թվում է, ունեք»:

Կիսվել