Մամուլ

Հայաբնակ Քեսաբում բռնկված հրդեհը մարվել է. Շահե Աբելյանը` աղետի հետևանքների մասին

«Մերժման համար որևէ պատճառ չկար, և կաթողիկոսի հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող խոչընդոտել քննությանը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենում Միքայել Սրբազանի գործով առաջին դատական նիստը։

Սիրիայի հայաբնակ Քեսաբում բռնկված հրդեհը մարվել է։ Քեսաբի մի քանի գյուղերի ղեկավար Շահե Աբելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ օգնության են եկել Հալեպից և Լաթաքիայից, կրակը մարվել է օդային և ցամաքային համապատասխան տեխնիկայով։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։

«Հիմնականում հայաբնակ տարածքներն են վնասվել, և երեք գյուղ է այրվել՝ վնասելով մանկապարտեզներն ու այգիները։ Նախնական վարկածով՝ հոսանքալարերի հետ կապված խնդիր է եղել»,– ասաց Շահե Աբելյանը։

Նրա խոսքով` բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան։ Սակայն կրակը հասել է տներին, ու շատերը ստիպված դուրս են եկել ու բարեկամների տանը գիշերել։

Աբելյանը նշեց, որ դեռևս հնարավոր չէ մտնել այրված տարածքներ, և վնասների չափի մասին տեղեկություն մի քանի օրից կունենան։ Դեռևս հստակ չէ՝ կլինի փոխհատուցում, թե ոչ։

«Ոչինչ չգիտենք, դեռ պիտի գան, հետաքրքրվեն, թե որքան է եղել վնասը Ես անձամբ իմ այգում 150 ձիթապտղի ծառ ունեի, որոնք այրվել են»,– ասաց նա։

Աբելյանը հայտնեց, որ վնասված գյուղերում այս պահին հոսանք ու ջուր չկա։

«Քեսաբի գյուղերի ու ամբողջ Քեսաբի շրջանի ջուրը հասնում էր ջրհորներից, սակայն դրանք այրվել են։ Չգիտենք՝ վնասը որքան է, քանի օրում կկարողանան վերականգնել ու ջուր տալ»,– նշեց նա։

Հարցին՝ ինչպիսի՞ն է Սիրիայի նոր իշխանությունների վերաբերմունքը հայերի նկատմամբ, քանի որ լուրեր կան, որ զինյալները տներ են մտնում և ստիպում կրոնափոխ լինել, Շահե Աբելյանը պատասխանեց` նման բան լսել են, բայց իրենց գյուղեր չեն եկել։

«Մի քանի վայրում են եղել, բայց մեզ մոտ չեն եկել։ Ես՝ որպես գյուղապետ, իրենց ղեկավարների հետ շաբաթը 1-2 անգամ ժողովի եմ մասնակցում, իրենք մեզ ասում են, որ դուք՝ հայերդ, կարող եք ձեզ ապահով զգալ, քանի որ մենք ձեր հանդեպ ոչինչ չունենք։ Ասում են՝ շարունակեք ձեր նորմալ կյանքն ապրել, բայց իրականությունը չգիտենք»,– ասաց Աբելյանը` հավելելով, որ վաղը Աստվածածնի տոնն են նշելու, և իշխանությունները խոստացել են աջակցել ու ապահովել անվտանգությունը։

Համայնքի ղեկավարը հայտնեց, որ Քեսաբում 400-450 ընտանիք կա։