«Համահայկական խաղերի 20-ամյակին տեղի է ունենում ամենափնթի միջոցառումը». Հովսեփ Խուրշուդյան
«Համահայկական խաղերի 20-ամյակին տեղի է ունենում ամենափնթի միջոցառումը». – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը։
«Համահայկական խաղերը՝ դրանց 20-ամյակին խայտառակ ցածր մակարդակի վրա են կազմակերպված: Խմբեր կան, ում՝ իրենց հետ աշխատող կամավորականները հազիվ են համոզում, որ վաղաժամ, խաղերի կեսից, չլքեն Հայաստանը:
Մարդիկ իրենց հաշվին հասել են հայրենիք, իրենց հաշվին հոգում են իրենց գիշերակացը, բայց կազմակերպիչներն անգամ չեն կարողանում տարրական պայմաններն ապահովել խաղերի բնականոն ընթացքի համար: Թիմերին կցված չեն ավտոբուսներ, իսկ այստեղից-այնտեղից պարտադիր ուշացումով իրենց հասնող տարբեր ավտոբուսները պարբերաբար տեղ չեն էլ հասնում:
Պատճառաբանությունը՝ «փչացել են»: Կազմակերպիչները խոստանում են տեղափոխումներն ապահովել տաքսիներով, բայց դա էլ հիմնականում չեն անում: Ու թիմերի մարզիչները, երկար սպասելուց հետո, դա էլ են անում իրենք կազմակերպում ու կրկին՝ սեփական միջոցներով:
Թիմերը, որոնք դեռ 2 ամիս առաջ ՀԽ կազմակերպիչների պահանջով ԾՐԱՐՈՎ են ուղարկել հայտերը՝ իրենց բոլոր տվյալներով և լուսանկարներով՝ Հայաստանում ստացել են առանց լուսանկարների բեյջեր: Թե որն է պատճառը, որ 21-րդ դարի հաղորդակցության նորագույն միջոցների առկայության պայմաններում ՀԽ կազմակերպիչները հրաժարվել են թիմերից էլեկտրոնային հայտեր ընդունել, մնում է միայն կռահել:
Խաղերի սփյուռքահայ մասնակիցների զգալի մասը խիստ դժգոհ է նաև գիշերակացի օբյեկտների պայմաններից, որոնք իրենց համար նախապես ամրագրել էին ՀԽ կազմակերպիչները: Եվ սա այն դեպքում, որ, կրկնում եմ, ծախսերը հոգում են իրենք՝ մասնակիցները: Կան դժգոհություններ նաև մրցավարական կազմի ոչ անաչառությունից՝ հօգուտ տեղացի, հատկապես՝ արցախցի թիմերի:
Շատ թիմերում արդեն խոսակցություններ կան, որ սա վերջին անգամն է, որ իրենք մասնակցում են Համահայկական խաղերին: Մյուսներն ավելի տոկուն են ու ասում են, որ գիտեին, թե ուր են գալիս և մեծ սպասելիքներ չունեին: Մի բան, որ Իշխան Զաքարյանն է կազմակերպում՝ առանց «լեվի» եկամուտներ ստանալու, ինչպե՞ս պետք է որակով կազմակերպվի:
Մի մարդ, ով համահայկական խաղեր ասելով, հավանաբար, հասկանում է բացառապես բացման և փակման հանդիսավոր արարողությունները, որտեղ նա կարող է կանգնել երկրի բարձրագույն իշխանությունների կողքին ու աջուձախ ինքնագովերգող հարցազրույցներ տալ, կամ էլ խաղերին նվիրված տեսահոլովակը, որտեղ չեմպիոն մարզիկների կողքին «կհավերժացվի» նաև իր պատկերը և որով կհավաստիացվի մասնակիցներին, որ կազմակերպիչները պատրաստվում են նրանց «ցավը տանել»:
Համահայկական խաղերի 20-ամյակին, փաստորեն, տեղի է ունենում ամենափնթի միջոցառումը, որը երբևէ կազմակերպվել էր այս անվան տակ: Հետաքրքիր է, որ լրագրողները գրեթե չեն խոսեցնում մասնակից հյուրերին, թիմերի մարզիչներին՝ պարզելու համար նրանց դժգոհույթունների պատճառները:
Ընդ որում՝ խաղերի կազմակերպման պատասխանատուն է «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ օրերս վերընտրվեց Իշխան Զաքարյանը, մինչդեռ հյուրերի և մասնակիցների մոտ տպավորություն է ձևավորվել, որ կազմակերպիչը Հայաստանի Հանրապետությունն է:
Անհրաժեշտ է խաղերը վերջնականապես չտապալելու համար շտապ ներգրավվել պետական մարմիններին՝ մասնակիցների տարրական լոգիստիկ խնդիրների ապահովման գործում, ինչպես դա արվեց Հուրգադայում պատանդ մնացած մեր հայրենակիցների դեպքում:
Խաղերի մասնակիցները կազմակերպիչների փնթիության և անճարակության պատանդը չպետք է դառնան: Ապա, պետական մակարդակով ներողություն խնդրել մասնակիցներից անհարմարությունների և վատ կազմակերպման համար:
Եվ վերջապես՝ այսուհետ պետք է վերցնել խաղերի կազմակերպումը պետության ձեռքը, ինչպեսև դա, միևնույն է, ընկալվում է բոլորի կողմից, որպեսզի մյուս անգամ պետական մարմինների պատասխանատվության ներքո կազմակերպվի բարձր մակարդակի՝ նոր Հայաստանին հարիր միջոցառում:
Որպես նման որոշման հիմք կարող են ծառայել անանուն առցանց հարցաթերթիկները, որոնցում մասնակիցները, մարզիչները կգնահատեն խաղերի կազմակերպման մակարդակը, դրա տարբեր բաղադրիչներ:
Եվ այդ հարցաթերթիկը պետք է կազմեն և տարածեն ոչ թե ՀՂՀԿ-ն, այլ համապատասխան պետական մարմինը, օրինակ՝ Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը:
Ի դեպ, սա միակ դեպքն է, որ ես ոչ թե պետության կողմից քաղհասարակությանն իր գործառույթների պատվիրակման, այլ հակառակ գործընթացի ջատագովն եմ»: