Մամուլ

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) զանգել է ոստիկանություն և հայտնել, որ հարձակվել են գազալցակայանի վրա ու գումար տարել

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր, հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արմավիրի մարզի Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 55-ամյա Հակոբ Հակոբյանը ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի Նորակերտ գյուղի տարածքում գտնվող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։

Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ հարձակվողը հարվածել է աշխատակցին, ում գիտակցությունը կորել է, որից հետո գողացել է գումարը և դիմել փախուստի։

Ոստիկաններին ու քննիչներին գազալցակայանի աշխատակից՝ 29-ամյա Գագիկ Պողոսյանը հայտնել է, որ անհայտ անձը առանց որևէ սպառնալիքի, առանց որևէ պահանջներ ներկայացնելու իրեն հրելով գցել է գետնին, որից հետո հափշտակել է սեղանին դրված 160 հազար դրամ գումարը, ինչպես նաև տարել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Հակոբյանի և Գ. Պողոսյանի պատմածները «Գյուլնազ տատու հեքիաթներից են». իրականում ոչ մի նման դեպք տեղի չի ունեցել, այլ այդ ամենը բեմականացված ձևի ներկայացվել է իրավապահներին։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուր՝ Shamshyan.com

Կիսվել