Հալեպում զոհվել է հայ բժիշկ Երվանդ Արսլանյանը
1958 թվականին ծնված բժիշկ Երվանդ Արսլանյանը զոհվել է դիպուկահարի կրակոցից՝ Հալեպից դուսր գալու ժամանակ:
Նրան տեղափոխել են Համայի հիվանդանոց, սակայն չի հաջողվել փրկել նրան կյանքը:
Նշենք, որ Սիրիայում իրավիճակը շատ ավելի լարված է, քան հաղորդում են ԶԼՄ-ները։ Բախումները հասել են Հալեպի հայկական թաղամասեր, ամեն օր տասնյակ ռումբեր են պայթում, իսկ դիպուկահարները տեղակայվել են Սիրիայի տարբեր շրջաններում։
Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ Հարություն Սելիմյանը մայիսի 7-ին սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում նշել է, որ Հալեպում հայերի վիճակը սարսափելի է, և ցանկացած պահի սպասվում են նոր ողբերգություններ։
«Վտանգը հատկապես մեծ է դիպուկահարներից։ Նրանք կրակում են օրվա տարբեր ժամերին։ Թաղամասի երկայնքով վարագույրներ են կախված, որպեսզի դիպուկահարներից թաքցնեն, թե ինչպես են երեխաները դպրոց կամ փողոց գնում։
Սիրիահայերը աշխատանք չունեն, շատ կառույցներ չեն գործում, ուստի եկամուտ չունեն սնունդ կամ դեղ գնելու համար»,- ասում է Սելիմյանը։ Նա հավելեց, որ նույնիսկ դժվարին իրավիճակում հայկական եկեղեցիներն ու դպրոցները շարունակում են աշխատել։