Մամուլ

Հալա՛լ լինի քեզ, Նիկոլ Փաշինյան, տղամարդու պես պահեցիր ու կատարեցիր Սերժին տված խոստումդ․ Նորիկյան

Փաստաբան Նորիկ Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օրեր առաջ մեծ շուքով ազդարարվեց, որ նոր քրեական hետապնդում է հարուցվել Միքայել Մինասյանի նկատմամբ, որ նա անցնում է 76 դրվագով, իսկ պետության հասցված վնասը կազմում է 350 մլն ԱՄՆ դոլլար։

Վերը նշվածից կարելի է հանգել հետևության, որ սկսվել է հայտնի Միշիկին, կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, Հայաստանի ամենակոռումպացված ընտանիքի հաջորդ անդամին մաքրելու և արդարացնելու գործընթացը։

Այս պահից կարելի է համոզված պնդել, որ Միքայել Մինասյանը պատասխան չի տալու իր արածների համար՝ շատ պարզ պատճառով․ Եթե Նիկոլի ղեկավարած երկրում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն արդարացվում են, ուրեմն որքանո՞վ է արդարացի, որ պատասխան տա նրանց տրամաչափից 15 անգամ փոքր մեկը, առավել ևս այն դեպքում, որ եթե նույնիսկ համարենք, որ Միշիկին վերագրվող ենթադրյալ արարքները հարյուր տոկոսով համապատասխանում են իրականությանը, ապա վստահաբար կարելի է պնդել, որ այդ ամենը Միշիկը չէր կարող անել առանց Սերժ Սարգսյանի գիտության ու համաձայնության, կամ այսպես ասած՝ առանց Սերժի դաբրոյի։

Հետևաբար, եթե Նիկոլի օրոք Սերժն արդարացվում է, վերը նշվածի համատեքստում որքանո՞վ է բարոյական, որ Միշիկին դաբրո տված Սերժը արդարացվի, իսկ Միշիկը պատասխան տա ինչ-որ 350 միլիոն ԱՄՆ դոլլարի համար։

Արդար չէ՛, պարո՛ն Փաշինյան, արդար չէ՛․․․

Իսկ եթե լուրջ, հալա՛լ լինի քեզ, Նիկոլ Փաշինյան, տղամարդու պես պահեցիր ու կատարեցիր Սերժին տված խոստումդ, որ որևէ մեկը պատասխան չի տալու, դեռ ավելին, բոլորին մաքրելու և սրբացնելու ես․․․

Հ․Գ․ Մի քիչ հույս կա, որ ժողովուրդը կամաց-կամաց հասկանում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել մեզ հետ․․․»։

Կիսվել