Մամուլ

Հազիվ շնչում է․ Զինվորներն են իրենց գումարով մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր

Քիթ-բերանը, կողերը՝ ջարդված, «հազիվ շնչում է, վերակենդանացման բաժանմունքում է պառկած», տատը նկարագրում է թոռան վիճակը, որին զինվորական հոսպիտալում տեսակցելուց հետո մի կերպ ուժ գտավ «Ազատության» հետ զրուցելու համար:

Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։

Պատահարի ստույգ պատճառները դեռ հայտնի չեն:

Վերակենդանացման բաժանմունքում պառկած զինվորի մայրն ասաց՝ որդին չի հիշում, թե ինչպես է մեքենան դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու հայտնվել հարակից ձորակի տարածքում:

«Ասում է՝ մենակ հիշում են էն, որ շըխկ-թըխկ ու վերջ, ու մեկ էլ ուղղաթիռի տեղափոխման պահն է հիշում», – փոխանցեց մայրը։

Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել կից գրելով․

«Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տուժածի մայր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում առկա և զինված ուժերի կարիքների համար շահագործվող բոլոր տեսակի մեքենաների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և բոլոր այլ ծախսերը բացառապես հոգում է պաշտպանության նախարարությունը, և նախարարության՝ այդ նպատակով հատկացրած միջոցները լիովին բավարար են:

Այդուհանդերձ, պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունների առնչությամբ կանցկացնեն ծառայողական քննություն, ինչպես նաև կկատարեն անհրաժեշտ ուսումնասիրություններ:

Կիսվել