Կրակոցներ Վեդիում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի մոտ․ կա զոհ
Կրակոցներ Վեդիում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի մոտ․ կա զոհ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 13-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում, «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնավածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է:
Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանն ու նույն վարչության Արարատի քննչական բաժնի պետ Արթուր Ավետիսյանը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանն էր: Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում տաք հետքերով պարզել են, որ Ա. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի գերեզմաններում՝ 2009 թվականին սպանված «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի գերեզմանի դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Արարատի մարզի քննիչներն ու փորձաքրեագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր հրազեններից արձակված 50-ից ավելի պարկուճներ, ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր, արնանման հետքեր: