Կրակոցներ «Սուվենիր» ռեստորանի առջև․ «սատանայական» համարանիշներով Toyota-ով էլ դիմել են փախուստի
Կրակոցներ «Սուվենիր» ռեստորանի առջև․ «սատանայական» համարանիշներով Toyota-ով էլ դիմել են փախուստի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 5/3 հասցեի դիմաց՝ «Սուվենիր» ռեստորանային համալիրի մոտ, կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ ժամեր անց մայրաքաղաքի Պռոշյան փողոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Արթուր Հ-ին և 28-ամյա Խաչիկ Ա-ին։ Վերջիններս եղել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով։
Պարզվել է, որ Խաչիկ Ա-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, նշված հասցեի դիմաց ատրճանակից կրակոցներ է արձակել։
Վերջիններս ոստիկանության Մարաշի բաժանմունքից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ ավագ քննիչ Վարդանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում 1 պարկուճ դիպել է կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, որը չի վնասվել։