Մամուլ

Կրակոցներ Երևան-Մեղրի ճանապարհին. կան վիրավորներ

Կրակոցներ Երևան-Մեղրի ճանապարհին. կան վիրավորներ

Մայիսի 1-ին, ժամը, 19.20-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ Քարի տակ կոչվող տարածքում կրակոցներ են հնչում: Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մեղրի ճանապարհի 116,5-րդ կմ-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում կրակոցներ են հնչել:

Ժամը 19.25-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «գլխի ջնջխված վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ, 56-ամյա տղամարդ. նա հայտնել է, որ վերոհիշյալ վայրում իր մեքենայից իջնելիս ընկել է, ինչի հետևանքով ստացել է վնասվածք:

krakocner

Ժամը 20.10-ին հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա տղամարդ: Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 3 պարկուճ և 1 փամփուշտ:

56-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Կիսվել