Մամուլ

Կրակոցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: «Աստղիկ» ԲԿ-ից հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Մինչև բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկների հետ՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումատակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սվաճյան 24 շենքի բակից:

Ոստիկաններն ու պարեկները, ժամանելով նշված շենքի վայր, մուտքերից մեկում ու դրսում հայտնաբերել են արնանման հետքեր:

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողույթուններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձի կամ անձանց և վիրավորի ինքնությունը պարզելու, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն» է:

Գ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Դավիթ Շախբազյանն է:

Կիսվել էջում