Կրակոցներ Գորիսում. Սյունիքի նախկին մարզպետի աներորդու վիճակը ծայրահեղ ծանր է
Կրակոցներ Գորիսում. Սյունիքի նախկին մարզպետի աներորդու վիճակը ծայրահեղ ծանր է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ, հուլիսի 13-ին, կրակոցներ են հնչել Գորիսում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, նրանք են՝ Գորիս քաղաքի բնակիչներ 34-ամյա Հարություն Վարդանյանն ու 54-ամյա Մելիքսեթ Բարսեղյանը, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի Ակսել Բակունցի հուշարձանին հարակից տարածքից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ․ Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել «Դեմքի ձախ կեսի հրազենային շոշափող վիրավորում, փափուկ հյուսվածքների ջնջխումով, ձախ ուսահոդի շրջանի շոշափող հրազենային վերք, որովայնի ստորին կեսի շոշափող հրազենային վերք, հեմորագիկ տրավմատիկ շոկ 2-րդ, 3-րդ աստիճան» աշտորոշմամաբ, իսկ Մ․ Բարսեղյանը «Ձախ նախաբազկի վերին երրորդականի ծալիչ մակերեսի կտրած վերք 15-8 սմ ծալիչ մկանների նյարդերի վնասումով, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք /1.5-0.5 սմ/» ախտորոշմամբ։
Աղբյուրի տեղեկություններով վիրավորներից Հ․ Վարդանյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարենի ընկերն է, իսկ Մ․ Բարսեղյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է։