Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը բժիշկներին չհաջողվեց փրկել
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ժամը 00:10-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Երևանում: «Toyota» մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու պարկեները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից:
Նրա մարմնի վրա առկա է եղել կրակոցի 1 հետք:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում, որը Նազարբեկյան 15/6 հասցեն է, հայտնաբերել են արնանման հետք և կրակված 1 գնդակ:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: