Մամուլ

Կրակոցներ՝ Երևանում․ ժամանել են քրեական ոստիկանության պետի տեղակալն ու Երևանի ոստիկանապետը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 21։30-ի սահմաններում Կիևյան փողոցի 4/4 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 5-րդ մուտքի մոտ հայտնաբերել են 9 մմ տրամաչափի կրակված 2 պարկուճ և 1 գնդակ, ինչպես նաև «Subaru» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի հատվածում հայտնաբերվել է կրակոցի հետք։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանում քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տեղում աշխատում են նաև փորձաքրեագետները։

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ։

Կիսվել