Աշխարհ

Կորոնավիրուսն ընդմիշտ կմնա մեզ հետ

Կորոնավիրուսն ընդմիշտ կմնա մեզ հետ

Աշխարհում կորոնավիրուսի տարածման իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար կպահանջվի մոտ հինգ տարի:

Armtimes.com-ի փոխանցմամբ այս կանխատեսումն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Սումիա Սվամինաթան Financial Times պարբերականի կազմակերպած քննարկման ժամանակ: «Չորս-հինգ տարի հետո կունենանք վերահսկողության համակարգ»,- նշել է նա:

Ճշգրիտ ժամանակահատվածը, ԱՀԿ փոխտնօրենի խոսքով, կախված է բազմաթիվ գործոններից ՝ արդյոք վիրուսը մուտացիայի կենթարկվի՞, ե՞րբ արդյունավետ պատվաստանյութ կմշակվի, կամ որքան խիստ եւ երկար է կլինի կարանտինը տարբեր երկրներում:

«Պատվաստանյութի հետ շատ հույսեր են կապված,- նշել է Սվամինաթանը,- բայց դրա մշակման, օգտագործման, արդյունավետության եւ անվտանգության հետ կապված կան ռիսկի բազմաթիվ գործոններ: Խնդիրներ կլինեն նաեւ զանգվածային արտադրության ու բաշխման հետ կապված»:

ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանն իր հերթին հայտարարել է՝ այս վիրուսը կարող է հավերժ մնալ մեզ հետ՝ համեմատելով այն ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հետ: «ՄԻԱՎ-ը չի վերացել: Մենք ապրում ենք դրանով, մենք գտել ենք դրա բուժման-կանխարգելման եղանակներ: Մարդիկ այլեւս դրանից չեն վախենում: Շատերն այս հիվանդությամբ ապրում են երկար ու լիարժեք»,- ասել է նա:

Կորոնավիրուսը կանխարգելող պատվաստանյութերին անդրադառնալով՝ ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան BBC-ին հաղորդել է, որ օտարերկրյա լրտեսները մեծ հետաքրքրություն են դրսեւորում այդ առումով: Հակահետախուզության եւ անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Բիլ Էվանինան ասել է, որ իշխանություններն արդեն նախազգուշացրել են բժշկական հետազոտություններով զբաղվող կազմակերպություններին նման ռիսկերի մասին: Սակայն նա չի մանրամասնել, թե արդյոք կան տվյալների գողության հաստատված դեպքերի մասին:

Բրիտանական հետախուզական ծառայության աղբյուրները եւս նկատել են արտաքին հետախուզության անառողջ ակտիվություն:

Աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի պատրաստման իրական մրցավազք է, եւ դրանում ներգրավված են անհատ հետազոտողներ, խոշոր ընկերություններ եւ ամբողջ կառավարություններ: Իսկ օտարերկրյա հետախուզության եւ հակահետախուզության գործակալներն անում են հնարավոր ամեն ինչ նրանց խանգարելու համար:

«Մենք սերտորեն համագործակցում ենք բիզնեսի եւ կառավարության աշխատակիցների հետ եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանք կարողանան լավագույնս պաշտպանել իրենց հետազոտություններն ու տվյալները»,- ասել է Էվանինան:

ԱՄՆ կառավարությունն աջակցում է պատվաստանյութերի մշակման աշխատանքներին՝ մի ծրագրի շրջանակում, որն, ըստ որոշ տվյալների, Operation Warp Speed ծածկանունն ունի:

Հասկանալի է, որ ցանկացած երկիր, որն առաջինը գտնի արդյունավետ եւ անվտանգ դեղորայքի բանաձեւը, առաջին հերթին կփորձի դա տրամադրել իր քաղաքացիներին:

«Մենք կապվել ենք բժշկական հետազոտական բոլոր կազմակերպությունների հետ, որ իրականացնում են այս մշակումները, եւ նրանց հորդորել ենք զգոն լինել, – ավելացրել է հակահետախուզության պատասխանատուն,- այսօրվա աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութից ավելի հափշտակության արժանի բան չկա»:

Կիբերհարձակում հիվանդանոցների վրա

Ապրիլի կեսին ԱՄՆ ԱԱԾ-ն հաղորդել էր կորոնավիրուսի հետազոտությամբ զբաղվող կազմակերպություններ ներթափանցելու փորձերի մասին:

Ըստ ԱԱԾ տնօրենի տեղակալ Տոնյա Ուգորեցի՝ կենսաբժշկական հետազոտությունների տվյալները վաղուց արդեն դարձել են «կիբեր լրտեսության առաջնահերթությունները», իսկ այս ուղղությամբ աշխատանք կատարող կազմակերպությունները «աչքի տակ են պահվում»: Ավելի ուշ, Ազգային անվտանգության ծառայության գլխավոր դատախազի օգնական Ջոն Դեմերսը նշել է, որ «անհեթեթության շրջանակում» կլինի հավատալ, որ Չինաստանը շահագրգռված չէ նման տեղեկություններով:

Դեռ մարտին Կանադայի կիբերանվտանգության կենտրոնը նախազգուշացրել է, որ «լուրջ վտանգ ներկայացնող որոշ տարրեր կարող են փորձել գողանալ հետազոտական կազմակերպությունների՝ կորոնավիրուսի հետ կապված մտավոր սեփականությունը»:

Ապրիլին Չեխիայի երկու հիվանդանոց է ենթարկվել կիբերհարձակումների, եւ այդ իրավիճակին անսպասելիորեն արձագանքել էր ԱՄՆ պետքարտուղարը: «Կոչ ենք անում այս հարձակման հեղինակին ձեռնպահ մնալ նման չարամիտ կիբերգործողություններից՝ կապված թե Չեխիայի առողջապահական համակարգի, եւ թե նման այլ ենթակառուցվածքների հետ աշխարհի ցանկացած վայրում», – ասել էր Մայք Պոմպեոն:

Կիսվել