Կոտայքի մարզում` «Infiniti»-ն մի քանի մետր գլորվելով հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդի կողմից արդեն «մահաբեր» ճանապարհ անուն ստացած հատվածում, «Բոմբ» ակումբի հարևանությամբ, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով բախվել քարերին և հայտնել ձորում։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որից մեկը 6-7 տարեկան տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի հատուկ փրկարարներն ու Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Բոլոր վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր ուղղություններում և բոլորին պատգարակներով են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Այդ մասին ասում էին դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում օգնություն ցուցաբերողներ։
Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակիացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում հենց նույն վայրից մի քանի անգամ ավտոմեքենաներ են գլորվել ձորը և այս խնդիրը պետք է անհանգստացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, ով պետք է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին պարտավորեցնի, որպեսզի մասնագետների հետ քննարկեն, գտնեն լուծում, ինչը կնվազեցնի նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
Պատճառներից մեկը նաև այդ հատվածում խոտան, դարուփոս ճանապարհն է։