Կոտայքի մարզում 40-ամյա վարորդը 15 տոննա տորֆով բարձված «Կամազ»-ով կողաշրջվել է
Կոտայքի մարզում 40-ամյա վարորդը 15 տոննա տորֆով բարձված «Կամազ»-ով կողաշրջվել է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում 40-ամյա Ռուստամ Մգոյանը իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ-Բուժական ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակներրի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հերթախոխի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Վարորդը փրկարարներին և ճանապարհային ոստիկաններին հայտնել է, որ ինքը չի տուժել, հրաժարվում է փրկարարների և ճանապարհային ոստիկանների ծառայությունից:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա տորֆով, որն ամբողջովին թափվել է: