Կոնյակ, օծանելիք․ որոշում ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչի կաշառքի գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Armlur.am-ը գրում է․ «Ըստ նախաքննական մարմնի՝ Սուրեն Հակոբի Դանիելյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի՝ «Ա. Չատինյանի անվան» սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի վարիչ, իր ծառայողական լիազորությունների օգտագործմամբ կաշառք տվողի մատնանշած անձի օգտին հովանավորչություն կատարելու համար երկու դրվագով ստացել է կաշառքներ։
Այսպես․
Սուրեն Դանիելյանը, հիշյալ հիմնադրամի «Ա. Չատինյանի անվան» սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի առկա ուսուցման ֆակուլտետում Էդիկ Կարենի Հարությունյանի ուսումնառության ընթացքում հնարավոր խնդիրների առաջացման դեպքում դրանք լուծելու եղանակով վերջինիս օգտին հովանավորչություն կատարելու համար, Էդիկ Հարությունյանի հորից՝ Կարեն Էդիկի Հարությունյանից, 2025 թվականի օգոստոսի 31-ին, Երևան քաղաքի Գայի պողոտա 16 հասցեում գտնվող «Մեգա Մոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում գործող «Ին Տեմպո» սրճարանում, որպես կաշառք ստացել է կոնյակ և օծանելիք՝ երկու տոպրակում։
Այսինքն՝ Սուրեն Հակոբի Դանիելյանին վերագրվում է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Բացի այդ, Սուրեն Դանիելյանը, Սիմոն Նորիկի Անդրեասյանի կողմից հիշյալ հիմնադրամի «Ա. Չատինյանի անվան» սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի առկա ուսուցման ֆակուլտետ ընդունվելու գործընթացում՝ ընդունելության քննությունների ժամանակ հնարավոր խոչընդոտների առաջացման դեպքում դրանք լուծելու եղանակով վերջինիս օգտին հովանավորչություն կատարելու համար, Սիմոն Անդրեասյանի մորեղբոր որդու՝ հիշյալ ամբիոնի նախկին ուսանող Ռոբերտ Արտաշեսի Մկրտչյանի օժանդակությամբ, Սիմոն Անդրեասյանի հոր՝ Նորիկ Սիմոնի Անդրեասյանի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, իսկ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Սիմոն Անդրեասյանի ընդունվելուց հետո, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի տարածքում, Ռոբերտ Մկրտչյանի միջոցով Նորիկ Անդրեասյանից ստացել է քննությամբ չպարզված չափի կաշառք։
Այսինքն՝ Սուրեն Հակոբի Դանիելյանին կրկին վերագրվում է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Գործով մեղադրյալ են նաև երեք անձ՝ Ռոբերտ Արտաշեսի Մկրտչյանը, Նորիկ Սիմոնի Անդրեասյանը և Կարեն Էդիկի Հարությունյանը»։
Մանրամասները՝ տեսանյութում․



