Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները Երևան-Երասխ ճանապարհին վթարի են ենթարկվել
Կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները Երևան-Երասխ ճանապարհին վթարի են ենթարկվել
Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ճանապարհին այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել է չորս քաղաքացի, այդ թվում՝ Վեդիի դպրոցից վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված, կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները։
Վեդիի բժշկական կենտրոնից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ աղջկա հոր մոտ վնասվածքներ չի հայտնաբերվել, դուրս է գտնվել, մոր վիճակը մոտ է բավարարի, առաջին բուժօգնություն ստացել է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
«Այս պահին՝ անհանգստացնող բան չկա։ Հետազոտություններ իրականացվել են, լուրջ մարմնական վնասվածք չկա, հսկողության տակ ենք պահել մի քանի ժամ, եթե որևէ այլ անհանգստացնող բան չլինի, դուրս կգրվի»,- ասացին ԲԿ-ից։
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ նույն մեքենայում գտնվող հիվանդներից մեկը գանգուղեղային վնասվածքի կասկածով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Մյուս մեքենայից մեկ անձ է դիմել հիվանդանոց, թեթև մարմնական վնասվածքներ են եղել, բուժօգնություն է ցուցաբերվել, դուրս գրվել հիվանդանոցից։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ 10-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածք ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Հիվանդանոց տեղափոխված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Սեպտեմբերի 19-ից 10-ամյա աղջնակը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։