Մամուլ

Կնոջս երազանքն էր 7 որդով սեղան նստել. կարողանում ենք ծայրը ծայրին հասցնել ու ոչ մեկի ձեռքին չնայել

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում բնակվող 46-ամյա Հարութիկ Պողոսյանն ու կինը՝ 38 ամյա Զարուհի Ներսիսյանը, օրերս ՀՀ նախագահի կողմից արժանացել են «Ծնողական Փառք» մեդալի եւ դրամական պարգեւի: Բանն այն է, որ նրանք իրենց համատեղ կյանքի ընթացքում 7 արու զավակ են ունեցել: NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի հայրը՝ Հարութիկը, պատմեց, որ 7 տղա ունենալու երազանքը կնոջն է պատկանել.

«Կնոջս մայրը եւս 7 երեխա ուներ, բայց բոլորը չէին տղաներ: Կինս էլ միշտ երազում էր, որ հենց 7 տղա ունենանք, որ 7 որդով սեղան նստելու ավանդույթը պահպանվի: Բայց երբեք չեմ մտածել, որ մեր երեխաները բոլորն էլ տղա կլինեն: Նրանցով ես հպարտ եմ, մեծս եւ երկրորդս ծառայում են Արցախում: Շուտով մեծս 20 տարեկան կդառնա ու կզորացրվի, ամենափոքր տղաս 9 տարեկան է: Մենք էլ այր ու կին գյուղի աշխատանքներով ենք զբաղվում՝ հողագործությամբ, անասնապահությամբ։ Ես նաեւ վարորդ եմ, կինս ինձ հետ հավասար աշխատում է ու փառք Աստծո, կարողանում ենք ծայրը ծայրին հասցնել ու ոչ մեկի ձեռքին չնայել: Մեզ համար մեծ անակնկալ էր նախագահի պարգեւը: Քանի որ նորակառույց տուն ունեինք, նախագահի կողմից տրված 1 մլն դրամ գումարը ծախսեցինք գույք գնելու համար, որպեսզի զինվորներս գան ու հարմարավետություն լինի նրանց համար: Երեխան տան ուրախությունն է, երբեք չպետք է դժգոհես, եթե պլանավորել ենք ու բերել նրանց, պարտավոր ենք հավուր պատշաճի պահել»,-նշեց տղաների հայրը:

Հարութիկի կինն անկեղծացավ, որ այնքան էլ հեշտ չէ սոցիալական այս ծանր պայմաններում շատ երեխաներ ունենալ ու մեծացնել, բայց երբ աշխատասիրություն կա, ոչինչ չի կարող խանգարել։

«Իմ երեխաներն իմ հենարանն են, երբեք նրանց չեմ ունեցել, որ պետությունից շահ ունենամ, ունեցել եմ, որ նախ ես երջանկանամ եւ երկրորդ, իմ երկրին պիտանի քաղաքացիներ տամ: Գիտնական չենք, ոչ էլ այլ մասնագետ, հասարակ գյուղացի եմ ու պարզ է, որ պիտի զբաղվեմ գյուղի գործերով, աշխատում ենք օր ու գիշեր, որ նպատակին հասցնենք մեր երեխաներին ու սրա-նրա դուռը չթակենք, որ մեզ օգնեն»,-ասաց կինը։

mec masriq

Նյութի աղբյուրը՝ news.am

Կիսվել