Կյանքի խոսքը՝ Փաշինյան-եկեղեցի վեճի մասին
Կյանքի խոսքը՝ Փաշինյան-եկեղեցի վեճի մասին
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև լարված իրավիճակի ֆոնին «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մասին տարածվող լուրերը սուտ են։ Բացարձակ կեղծ տեղեկություն է, թե իբր. «Կյանքի Խոսքը Վեհարանը գրոհելու համար տրամադրելու է 1500 աղանդավոր, դրա դիմաց Կյանքի Խոսքի հովիվ Արթուր Սիմոնյանը նշանակվելու է կառավարության կրոնի հարցերով վարչության պետ»։
Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ վտանգավոր սադրանք, կրոնական ատելության և թշնամության հրահրում։
Հարկ ենք համարում հայտարարել հետևյալը․
1․ Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի կերպով չունի որևէ առնչություն ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև առաջացած կոնֆլիկտային իրավիճակին։
2․ Մենք միշտ հարգալից ենք արտահայտվել Հայ Առաքելական եկեղեցու և Մայր Աթոռի նկատմամբ։
3․ Մենք կողմնակից ենք պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքին, ինչը ենթադրում է փոխադարձ հարգանք, ինչպես նաև միմյանց գործերին և գործառույթներին չմիջամտելու հանձնառություն։
4․ Մեր աղոթքն է, որ ստեղծված իրավիճակը լուծվի փոխըմբռնման և խաղաղ երկխոսության եղանակով։
Ի վերջո, հորդորում ենք բոլորին ձեռնպահ մնալ սուտ և կեղծ տեղեկություններ տարածելուց։
Հարգանքով`
Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցի»։