Կիրանցի վանքում վանդալիզմ է տեղի ունեցել
Օրեր առաջ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունն ահազանգել էր հուշարձանների տարածքներում իրականացված վանդալիզմի կրկնվող դեպքերի մասին։ Դրանցից մեկը Կիրանցի վանքի պատերին թողած գրվածքների տեսքով էր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ–ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության Տավուշի ՊՄՊ աշխատակիցների ջանքերով Կիրանցի վանքի պատերին արված գրառումները մաքրվել են։ Նրանք հնարավորինս խնամքով հեռացրել են գրվածքների մի մասը։
Որոշներն, այնուամենայնիվ, մնացել են, քանի որ ներկերը բավական մնայուն են, և խորը շերտով դրանք մաքրելու դեպքում մտավախություն կա վնասել վանքի պատերը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հերթական անգամ հորդորում է զերծ մնալ հուշարձանների տեսքն ու անվտանգությունը խաթարելու գործողություններից»։