Կին ու երեխա 26 ժամ անտառներում են եղել, էնտեղ են գիշերն անցկացրել, մի երիտասարդ էլ վախից մահացել է ճանապարհին․ Նոր Ղազանչիի գյուղապետ
«Սեպտեմբերի 19-ին, երբ մեր դիրքերի վրա հարձակումը սկսել են, մի 40 րոպե անց արդեն գյուղի վրա էին կրակում։ Տեղ չի մնացել, որ չգնդակոծեն։ Դպրոցի շենքի, գյուղապետարանի, հուշարձանի, տների ուղղությամբ թե ոնց էին խփում, հնարավոր չի նկարագրել։
Մենակ մեր տան վրա 10 անգամ խփել են»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ադրբեջանական հարձակման առաջին ժամերի մասին պատմում է Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը։
Նոր Ղազանչին երեք կողմերից շրջապատված էր ադրբեջանական դիրքերով։ Այդ իրավիճակը 2020թ․ պատերազմի հետևանքով էր ստեղծվել, երբ ահաբեկչական Ադրբեջան պետությունն օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը։
Գյուղի վրա այնպիսի ինտենսիվությամբ էին կրակ թափում ադրբեջանցիները, որ բնակիչների տարհանումն անգամ անհնար էր դարձել։
Գյուղն Արցախի մնացյալ մասին կապող միակ ճանապարհը, որը տանում էր դեպի հարևան Կիչան ու դուրս գալիս մայրուղի, նույնպես թիրախավորված էր։
«Համ էդ պատճառով չէր հնարավոր ճանապարհով տարհանել մարդկանց, համ էլ վառելիքը գյուղապետարանի շենքում էր, իսկ շենքն ադրբեջանցիները հենց սկզբից թիրախավորել էին, այսինքն՝ գյուղամիջում անգամ շարժվել հնարավոր չէր․ տներին էլ էին խփում, ճանապարհներին էլ ու շատ վտանգավոր էր շարժվելը»,-ասում է համայնքապետը։
Նոր Ղազանչիի ոչ միայն կենտրոնական մասն էր թիրախավորել թշնամին, այլև՝ նորակառույց Կիլիկիա թաղամասը։ Կրակի տակ հայտնված բնակիչները՝ կանայք ու մանկահասակ երեխաներ, ստիպված անտառներ են մտել․
«Մոտ 60 հոգի՝ կին ու երեխա, ոտքով դեպի անտառներն են գնացել։ Անտառի մեջ մի կամուրջ կար, որ տեսանելի չէր այդքան էլ, բայց էդ ուղղությամբ էլ են կրակել ադրբեջանցիները։ Տեսնելով, որ դա էլ փրկություն չի, առաջ են շարժվել։
26 ժամ էդ խեղճերը անտառում են եղել, ամսի 19-ի գիշերն էլ են էնտեղ անցկացրել։ Հետներն էլ երկու ամսական փոքրիկ կար․․․ Մտածել ենք, թե մի քանի ժամում հասցրած կլինեն Առաջաձոր դուրս գալ, բայց գիշերը ժամ 2-ին ես մի քանի համագյուղացու հետ գնացել եմ Առաջաձոր, տեսել էնտեղ չեն։
Մտածեցինք գուցե Չլդրան են թեքվել, քանի որ անդադար կրակում էին, բայց ամսի 20-ի առավոտյան 11-ի կողմերն արդեն Առաջաձորի դիմացի բլրից մարդիկ երևացին, մոտեցանք ու տեսանք, որ մերոնք են․․․»,-պատմում է բռնի տեղահանված Առստամյանը։
Գյուղապետի պատմելով՝ այդ ճանապարհին անտառի մեջ 35 տարեկան մի երիտասարդ է մահացել, հավանաբար՝ վախից․․․
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում