Հերթական դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը
Shamshyan.com-ը հայտնում է․ այսօր՝ մարտի 20-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Ժամը 00:40-ի սահմաններում Արմավիր քրեակատարողական հիմնարկի կարանտինային 6-րդ խցում դատապարտյալները նկատել են, որ խցակիցը սավանով իրեն կախել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատապարտյալները կարողանում են շատ արագ կտրել սավանը, ապա փրկել նրա կյանքը, ինչից հետո քրեակատարողական ծառայության աշխատակիցները ահազանգում են շտապօգնություն, ու ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխում է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատապարտյալների կողմից փրկված՝ ինքնասպանության փորձ կատարողը մոտ 35-40 տարեկան է։ Նա Թորոս Թորոսյանն է, ով առողջական խնդիրներ է ունեցել ու մի քանի անգամ դիմել է քրեակատարողական ծառայություն, սակայն նրա առողջական վիճակը կարգավորելու համար ոչինչ չի ձեռնարկվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


