Մամուլ

Կե՞ղծ են Ամենայն հայոց կաթողիկոսի` Ռուսաստան տեղափոխվելու մասին լուրերը

Տեղեկությունները, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կարող է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն և եկեղեցին ղեկավարել հեռակա կարգով՝ ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ասվում է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ նման արատավորող և կեղծ տեղեկություններ են տարածել իշխանամետ լրատվամիջոցները Հայ առաքելական եկեղեցու` Ռուսաստանից մինչև Մոլդովա ծխական հոգևորականների հավաքից հետո, որտեղ նրանք իրենց հավատարմությունն են հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին:

Հայտարարության հեղինակները նշել են, որ 2018 թվականից մինչ օրս նման ֆեյքերը տարածում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները։

«Ապատեղեկատվություն տարածելու և հանրային կարծիքը մանիպուլացնելու միջոցով նրանք փորձում են կոծկել իրենց հակաեկեղեցական և հակապետական գործունեությունը։ Այս հաղորդագրությունը իշխանությունների հիվանդագին երևակայության հերթական դրսևորումն է», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ կաթողիկոսը լիովին վերահսկում է Հայ առաքելական եկեղեցու գործունեության հետ կապված գործընթացները։ Ավելին` նա ընտրվել է Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են հոգևորականներ և աշխարհականներ, և եկեղեցու կանոնիկ օծված ղեկավարն է։

Ոտնձգություն կատարելով եկեղեցական միասնության և Գարեգին Բ-ի դեմ՝ Հայաստանի գործող իշխանություններն ու նրանց հետևում կանգնած ուժերը ձգտում են պառակտել եկեղեցին, ստեղծել այլընտրանքային կաթողիկոսական գահ և նշանակել իրենց «կաթողիկոսին»։

«Հայաստանի իշխանության իրական նպատակն է՝ խախտելով Սահմանադրությունն ու գործող օրենսդրությունը, ամբողջությամբ իրեն ենթարկեցնել եկեղեցին՝ դրանով իսկ խաթարելով նրա միասնականությունը», – ընդգծվում է հայտարարության մեջ:

Ավելին` այդ գործողություններն ուղղված են հայ ժողովրդի միասնականության դեմ և տանում են դեպի ինքնաոչնչացում։

Ընդգծվում է, որ նման փորձերը դատապարտված են լիակատար ձախողման։