Կարմիր բերետավորը հարվածել է անօգնական վիճակում հայտնված ակցիայի մասնակցին
Կարմիր բերետավորը հարվածել է անօգնական վիճակում հայտնված ակցիայի մասնակցին
Թաթոյան հիմնադրամը հայտարարություն է տարածել․
««Զանգ» հասարակական շարժումը դեկտեմբերի 9-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երևանի Մաշտոցի պուրակում բողոքի քաղաքացիական ակցիա իրականացնելիս ենթարկվել են բռնության:
Մասնավորապես, ըստ շարժման` նշված քաղաքացիական ակցիայի ընթացքում «կարմիր բերետավոր» ոստիկաններից մեկը բռունցքով հարված է հասցրել իրենց ընկերներից մեկի գլխին:
Դա արել է այն ժամանակ, երբ իրենց ընկերը եղել է փաստացի անօգնական վիճակում, քանի որ նրա ձեռքերը բռնած են եղել այլ ոստիկաններ և նա անգամ մեծ ցանկության դեպքում բացարձակ չէր կարող խույս տալ հարվածից։ Այս փաստը մեր հիմնադրամին «Զանգ» շարժումը հաստատել է քննարկման ընթացքում:
Ընդ որում, «Զանգ» շարժումն իր հրապարակային էջում տեղադրել է այս մասին հաղորդում` համապատասխան մանրամասներով:
Նշված տվյալներն ինքնին բավարար են, որպեսզի քրեական հետապնդման մարմինը նախաձեռնի անհապաղ քրեական վարույթ: Փաստերն այնպիսին են, որ դրա համար անհրաժեշտ չէ հանցագործության մասին հաղորդում, այլ այն պետք է արվի սեփական նախաձեռնությամբ ու անհապաղ:
Սրանք անբեկանելի միջազգային պահանջներ են»,- նշվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։