Կարծում եմ՝ ոչ հեծանիվը կփրկի նրանց, ոչ էլ՝ ձվածեղը, վերջը շատ մոտ է. «Հրապարակը»
«Հրապարակ»-ի զրուցակիցն է Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Հարությունյանը:
– Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից նախատեսվում է հանել «ազգային» բառը։ Փոխարենը, հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում կլինի «համապետական» բառը։ Ձեր կարծիքով ինչի՞ է ուզում հասնել այս իշխանությունը:
– «Ազգային» -ը «համապետական» դարձնելը «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելու շարունակությունն է։ Ամեն գնով ջնջել, վերաշարադրել պատմությունը, հրաժարվել ազգայինի բոլոր դրսևորումներից։ 7 տարվա ընթացքում, գտնվելով իշխանության ղեկին, ամեն օր, ամեն ժամ նրանք ապացուցում են իրենց ատելությունը ամենայն ազգայինի նկատմամբ։ Բայց չեն հասկանում, որ պետությունները ստեղծվել ու գոյատևում են ազգային հիմքով ու միշտ առաջնորդվում են ազգային շահով։ Վկա՝ բազմազգ ԱՄՆ-ն, շուտով՝ նաև Եվրոպան։ Հետո ու՞մ և ի՞նչ են ապացուցելու ծայրահեղության մեջ ընկած ազգադավները։
-Եթե Արցախ բառը, ըստ իշխանության պատերազմի վտանգ կարող է առաջացնել, ապա ազգային բառը ի՞նչ սպառնալիք է իշխանության համար։
-Իշխանության ղեկին այսօր կանգնածների գիտակցության մեջ այնքան ամուր է նստած «Ազատ Արցախ» սրբազան անունը, որ չեն կարող ազատվել նրանից, որքան էլ ցանկանան, որքան էլ իրենց պատեպատ խփեն։ Արցախի Հանրապետության հանձնումը, հայաթափումը, հազարավոր զոհերի պատճառ դառնալը, համարյա երկրի բոլոր բնագավառների անգրագետ, ապաշնորհ ղեկավարումը մեղքի այնպիսի զգացում են առաջացնում, որ շատերի վարքագծում նյարդային ջղաձգումներ են երևում։ Կարծում եմ՝ ոչ հեծանիվը կփրկի նրանց, ոչ էլ, մանավանդ, ձվածեղը։ Վերջը շա՜տ մոտ է։ Իրենք էլ գիտեն ու ահաբեկված աշխատում են հեռացնել այդ պահը։ Վտանգը հենց իրենց է սպառնում, ոչ թե երկրին։
– Որպես ՀՀ քաղաքացի լսո՞ւմ եք վարչապետի «Ընտանեկան փոդքասթ»-ի թողարկումները: Ըստ Ձեզ ինչի՞ համար է այս ամենը արվում, ի՞նչ նպատակ է հետապնդում:
-Սովորաբար չեմ լսում։ Երբ գիտես ճշմարտությունը, տեսնում ես երկրիդ օրեցօր փոշիացող հեղինակությունը, Բաքվում տեղի ունեցող ստորացուցիչ դատավարությունը, համաշխարհային իրադարձությունների ֆոնին մեր երկրի ամորֆ, ոչինչ չտվող, ընդհակառակը, եղածն էլ քանդող քաղաքականությունը, այդ «ընտանեկան փոդքասթ» կոչվածները զավեշտալի են արտասվելու չափ։ Մարդիկ պարզ, բաց տեքստով, առանց քողարկման ասում են. «Մենք մեր ստանձնածը դեռ մի բան էլ ավելի արել ենք, հիմա պարապ ենք, կուզենք՝ տոլմա կփաթաթենք, կուզենք՝ հատակին կնստենք, հեծանիվ կքշենք, և այսպես շարունակ… Ձեռ են առնում, ծաղրում ու ծիծաղում մեզ վրա՝ թքած ունենալով նաև աշխարհի կարծիքի վրա։ Ամեն տեղից ջնջվող ազգն ու ազգայինը թող մտածեն։
-Աննա Հակոբյանը 2025 թվականը հայտարարել է կրթվելու տարի ու պարբերաբար գրագետ մտքեր մեջբերեկով, գրում է. «Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը այս մտքի հեղինակին տգիտության ճիրաններից ազատագրելն է։ Որպես մանկավարժ ի՞նչ խորհուրդ կտայիք Աննա Հակոբյանին:
-Կարծում եմ՝ նկատի ունի ոչ թե բուն կրթությունը, այլ բարեկրթությունն ու բարեվարքությունը, որի կարիքն ունի ինքը, իր շրջապատը, իշխանության ղեկին կանգնած համարյա ամեն ՔՊ-ական՝ սկսած «թքող» ԱԺ նախագահից, վերջացրած անպատշաճ դիրքով հատակին նստած տիկնոջից, ամենօրյա ստերով ու մանիպուլացիաներով առաջնորդվող դիլետանտ պաշտոնյաներից։ Էլ ազնիվ, ազգասեր, հայրենասեր Մարդ ինչպե՞ս, ու՞մ օրինակով դաստիարակես։
– Համընդհանուր հայտարարագրմամբ ստվերի կրճատման շատ կարևոր գործառույթ ենք իրականացնում, ԱԺ-ում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի այս խոսույթի վերաբերյալ եւ հայտարարագրման մասին ի՞նչ կարծիք ունեք:
-Եթե մի երկրում, ուր աղքատությունը կազմում է 23-24%, հայտարարագիրը ո՞վ լրացնի, Ինչպե՞ս, պարտքերի ցուցա՞կը գրի, թե՞ վարկերի պարտավորագրերը տեղադրի։ Հերիք չի՞ հոգսերի բեռի տակ կքած մարդկանց վրա ծիծաղեն։ Ստվերային եկամուտ իրենք են ստանում, բայց աչքերը տնկել են հազար տեսակ հարկ ու տուրքի տակ կռացած խեղճ մարդկանց աշխատած երկու կոպեկի վրա։ Բարոյականության ու պետական մտածողության, սեփական քաղաքացու նկատմամբ սրտացավության բացակայության խնդիր է։ Մարդկանց եկամուտների հայտարարագրումը նորմալ երկրում նորմալ է, մեր երկրում, կարծում եմ, արդարության, հավասարության իմիտացիա ստեղծելու համար է, որ թաքցնեն իրենց ապօրինի եկամուտները։