Մամուլ

Կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը։

verelak inqn

Տեղում պարզվել է, որ «ԻՋ ԳՐԱՆՏ ՏԵՔՍՏԻԼՕՊՏ» ՍՊԸ կարի ֆաբրիկայի բեռնատար վերելակը պոկվել է ճոպանից և ընկել, ինչից աշխատակից, ՌԴ քաղաքացի 42-ամյա Գրանտ Աֆանասևի ոտքը մնացել է վերելակի և պատի արանքում:

Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ տուժածի ոտքը տեղի ուժերով դուրս է բերվել:

Հրշեջ-փրկարարների և Իջևանի բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից անշարժացվել է տուժածի ոտքը, որից հետո նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով էլ տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա ստացել է ոտքի բաց վնասվածք։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար, իսկ նա նշված ֆաբրիկայի տնօրենն է։ Վերելակը ինքնաշեն է։

Կիսվել