Շոու-բիզնես

«Կարիերաս պատկերացնում եմ գրագետ ու բարձր որակի»․ Մաշա Մնջոյանը՝ Ավստրալիայում ապրելու, կրթության մասին

«Կարիերաս պատկերացնում եմ գրագետ ու բարձր որակի»: Երգչուհի Մաշա Մնջոյանը մի քանի ամիս է՝ ուսումնական ծրագրով Ավստրալիայում է, վերջերս նա առիթ ունեցավ նա հանդես գալու համերգային ծրագրով։ Ավստրալիայում անցկացվող Armenian Film Festival-ի բացման արարողության համերգը կազմակերպիչները վստահել էին Մաշային, երգչուհին ելույթ է ունենալու նաև փառատոնի փակման արարողությանը։  Բացի համերգային այս ծրագիրը, մաշան այս օրերին պատրաստվում է նաև երաժշտական նորություններով հանդես գալ։

Tert.am Life-ը Մաշայի հետ զրուցել է սպասվող նորությունների, երկրպագուների կողմից մոռացվելու անհանգստության, հայրենիքը կարոտելու և ուսման մասին։ Խոսելով ներկայիս զբաղվածության մասին՝ Մաշան ասաց, որ հիմա ժամանակի հիմնական մասը աշխատում է տրամադրել կրթությանն ու Australian Intitute of Music-ում իր դասերին։

Մաշա Մնջոյան

«Այս պահին հիմնական զբաղվածությունս ուսումս է, քանի որ ծրագիրը բավականին բազմազան է և շատ խիտ։ Այստեղ շատ տարբեր դասընթացներ կան՝ և՛ պարտադիր, և՛ իմ ցանկությամբ։ Բավականին մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում եմ կինոյի երաժշտությունն ու երգ գրելու ուղղությունները, որոնք ինձ համար նորություն էին»,- ասաց Մաշան

Մաշա Մնջոյան

Չնայած ուսմանը շատ ժամանակ տրամադրելուն՝ երգչուհին ասաց, որ փորձում է նաև երաժշտական նորություններ պատրաստել։

«Մի քանի միտք ունեմ, նաև նոր երգեր ունեմ, առաջիկայում դրանք կներկայացնեմ, իսկ տեսահոլովակի մասին կմտածեմ երգը թողարկելուց հետո։ Չեմ կարծում, որ երկրպագուներս ինձ կմոռանան։ Հիմա ինձ մոտ այնպիսի էտապ է, երբ փորձում եմ ամբողջությամբ կենտրոնանալ ուսմանս վրա: Այս պահին ուզում եմ ժամանակս իմ զարգացման համար օգտագործել, հատկապես, որ կան սովորելու նոր բաներ, ստեղծագործելու հնարավորություններ»,- նշեց երգչուհին։

Մաշա Մնջոյան

Մաշան պատմեց, թե ինչպես է Ավստրալիայում անցնում իր ուսանողական կյանքը։ Երգչուհին ասաց, որ տեղի անցուդարձը Հայաստանի առօրայայից շատ տարբեր է․ «Միջավայրս բոլորովին ուրիշ է։ Լինելով ուսանողուհի՝ շփվում եմ տարբեր մարդկանց հետ, իհարկե, հետաքրքիր է, որովհետև թե՛ մոտեցումները, թե՛ ճաշակը, թե՛ մտածելակերպը տարբեր են։ Երևանում ապրել եմ ուսանողական կյանքով, քանի որ սովորել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ոչինչ չեմ փոխի իմ այդտեղի ուսանողական կյանքի, ընկերներիս հետ, ուղղակի այստեղ ամեն ինչ շատ ուրիշ է»։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել