Մամուլ

Կարեն Գասպարյանը ոչ ոքի չի ծեծել, տեսանյութում երևում է, աղջկա ձեռքում էլ ոչինչ չկա. փաստաբանը Կոտայքի միջադեպի մասին

Կոտայք գյուղում միջադեպ էր գրանցվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանի և Կոտայքի բնակիչ Ավետիք Սարգսյանի ու նրա ընտանիքի անդամների միջև:

Տեղի ունեցած միջադեպի, հետագա զարգացումների շուրջ  Tert.am-ը զրուցել է  Կարեն Գասպարյանի փաստաբան Արմեն Ֆերոյանի հետ:

-Պարոն Ֆերոյան, համացանցում տարածվեց տեսանյութ,և նաև Ավետիք Սարգսյանի կնոջ՝ Ցողիկ Փիլոյանի  գրառումը, համաձայն որի՝ երեխաները, այդ թվում իր աղջիկը Վարդավառին ջրոցի է խաղացել, Կարեն Գասպարյանի մեքենայի ուղղությամբ ջուր են թափել, ինչից հետո Գասպարյանն ու նրա ընտանիքի անդամները սպառնացել են իրենց և այլն: Ի՞նչն է հանդիսացել միջադեպի պատճառ, ինչու՞ է Կարեն Գասպարյանն իջել մեքենայից:

-Ջրում, որ ցողել են մեքենայի ուղղությամբ, քանի որ դա վերցվել է առվակից, եղել է նաև քար: Քարի ձայնից հետո Կարեն Գասպարյանն իջնում է մեքենայից  և երեխային ասում, որ պետք չէ նման բան անել և այլն: Այդ ընթացքում միջամտում է երեխայի ծնողը՝ Ավետիք Սարգսյանը: Տեսանյութից երևում է, թե երեխայի հայրն ինչպես է իջնում, փորձում է կռվի բռնել, հարևանները մի կերպ կողքի են տանում, իսկ հրապարակումներն այնպիսին են, որ Կարեն Գասպարյանն ինչ-որ ծեծ ու ջարդ է կազմակերպել, բայց տեսանյութում պարզ երևում է, որ հակառակ կողմին են տանում այն կողմ: Պատմում են, թե երեխայի գլուխը փորձել է մտցնել ջրի մեջ և այլն, չի եղել նման բան:

Պարզ տեսանյութ է, որտեղ երևում է, որ Կարեն Գասպարյանի կինն ու աղջիկն են իջնում մեքենայից, խոսում, ասում են՝ Գասպարյանի աղջկա ձեռքում էլեկտրաշոկ կա, բայց տեսանյութում պարզ երևում է, որ երեխայի ձեռքում բան չկա:

-Բացի այդ միջադեպից, ըստ պատմողների միջադեպը շարունակություն է ունեցել, ինչո՞ւ էին գնացել Գասպարյանների տուն Սարգսյանները, ո՞ւմ հրավերով կամ առաջարկով:

-Որքան ես տեղյակ եմ, Կարեն Գասպարյանին զանգահարել է տուժողի բարեկամներից մեկը և հայտնել, որ նրանք պատրաստվում են գալ ու ներողություն խնդրել, քանի որ Կարեն Գասպարյանին հայհոյել են Կոտայք գյուղում: Ասել են՝ գալու են հաշտվելու:

-Պարո՛ն Ֆերոյան, բայց Ավետիք Սարգսյանն ասում է, որ Գասպարյաններն իրեն ստիպել են ծնկի գալ, ծեծել են, ինչի հետևանքով ուղեղի ցնցումով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Դուք, հղում անելով տեսանյութերին, այլ բան եք ասում: Այդ դեպքում, ինչի՞ հետևանքով է Ավետիք Սարգսյանը ուղեղի ցնցում ստացել:

-Սարգսյանն ասում է՝ գնացի Կարեն Գասպարյանի տուն, ինձ ծեծի ենթարկեցին, ուղեղի ցնցում ստացա, չհասկացա, բայց տան տեսանկարահանող սարքերն արձանագրել են, որ նման բան տեղի չի ունեցել: Պարզապես Կարեն Գասպարյանի տղան՝ Սերգեյ Գասպարյանը տուժողին ապտակել է այն բանի համար, որ իրենց բակում, մոր ու քրոջ ներկայությամբ կրկնել է այն հայհոյանքը, ինչ ասել էր Կարեն Գասպարյանի հասցեին: Ընդամենը մի ապտակ, իսկ դրանից հնարավոր չէր, որ մարդ ուղեղի ցնցում ստանար: Բացի այդ, իրենք վերջում գրկախառնվում են,  շատ սիրալիր հաջող են անում իրար, հաշտվում են:

-Այդ դեպքում ինչո՞ւ են նորից հայտարարել, որ բողոք ունեն, այն հետ չեն վերցնելու և այլն:

-Հիմա մեզ համար հասկանալի չէ, թե այս ամենն ինչու ստեղծվեց: Այսինքն՝ տեսանյութերում այդ նշած ծեծ ու ջարդը, իբր բռնությունների գործադրումը բացարձակ հերքվում է:

-Պարո՛ն Ֆերոյան, Կարեն Գասպարյանը նաև հայտարարել է, որ տուժողի եղբայրը՝ փոխգնդապետ Արսեն Սարգսյանն է հրահրում, սրում իրավիճակը, ինչ-որ հողակտոր կա, որը նախկինում պատկանել է նրան, որն այնուհետև վաճառողից ձեռք է բերել Կարեն Գասպարյանը: Տեղյա՞կ ես սրա մասին, ինչ է հայտնում Կարեն Գասպարյանը:

-Իմ վստահորդ Գասպարյանն հրապարակայնորեն ասել է, որ այս ամենը խիստ ուղղորդված է, և պայմանավորված է հենց այդ փոխգնդապետով, ուղղորդված է հենց վերջինիս կողմից, ում հետ ժամանակին եղել են բավականին մտերիմ հարաբերությունների մեջ, իրենց տանը բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել: Հաշվի առնելով նաև տուժողի իրար չհամընկնող հայտարարությունները, հնարավոր է, որ դրանք ուղղորդված են:

-Արդեն հարուցվե՞լ է քրեական գործ, թե դեռ նյութերի նախապատրաստման փուլում է և դուք ի՞նչ եք պատրաստվում անել:

-Իմ տեղեկություններով դեռ հարուցված չէ քրեական գործ: Ներկայացնելու ենք բոլոր տեսագրությունները և խնդրելու ենք մանրակրկիտ քննություն՝ բոլոր անձանց գործողությունների վերաբերյալ:

-Պարո՛ն Ֆերոյան, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանություն ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել Կարեն Գասպարյանի որդու՝ ոստիկանության ծառայող Սերգեյ Գասպարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստով: Դուք դրա վերաբերյալ որևէ տեղեկություն ունե՞ք:

-Որևէ լրացուցիչ տեղեկություն չունեմ:

Աղբյուր՝ tert.am

Կիսվել