Մամուլ

Կասկածներ Ամիրյանում մեքենայի պայթյունից. ռուսաստանաբնակ մեծահարուստն ու երեխայի հարցը

Երեկ Ամիրյան փողոցում, կեսօրին, հնչած մեքենայի պայթյունը խիստ կասկածների տեղիք է տվել իրավապահներին, իսկ հասարակությունն էլ շարունակում է քննարկել՝ ինչու Երեւանի կենտրոնում պայթեց ավտոմեքենան։ Արդյոք պայթյունը տեխնիկական անսարքության հետեւանք էր, թե՞ վրեժխնդրության դրսեւորում։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող վարորդի մտերիմները կասկածներ ունեն, որ պայթյունը միգուցե տեխնիկական անսարքության հետեւանք չէ։ Կա վարկած, որ այն փորձել են դիտավորությամբ պայթեցնել։ ArmLur.am-ը մասնավորապես տեղեկացավ, որ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան սպասարկում է ռուսաստանաբնակ, մեծահարուստ հայի ընտանիքի։

Այդ օրը մեքենան Էջմիածնից երեխային տարել է ուսումնական կենտրոն, իջեցրել, եւ մի քանի մետր հեռանալուց հետո հնչել է պայթյունը։ Չի բացառվում, որ այն կապ ունենա ռուսաստանաբնակ մեծահարուստի ընտանիքի հետ։ Ուստի իրավապահները պետք է պարզեն կատարվածի բուն պատճառը։

Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքները անորակ վերանորոգելը կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելը)։ Կատարվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ պայթյունից տուժել էին հարակից մեքենաները եւ հանրային տրանսպորտի ուղեւորներ։ Երեք անձ հոսպիտալացվել էին։ «Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր․ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մյուսի առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ երրորդ քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար»,– հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

Նշենք նաեւ, որ այս տարվա հուլիսի 20-ին հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Երևանում մեքենան պայթեցնելու եղանակով ցանկացել են սպանել Արմեն Պողոսյանին։ «Ինֆինիթի»-ն վերածվել էր մետաղե ջարդոնի։ Արմեն Պողոսյանը, որը հիվանդանոցում մահացավ, անցնում էր հայտնի «Բոդոլ»-ի սպանությունը նախապատրաստելու գործով

Մանրամասները՝ տեսանյութում