Կառավարությունը 25 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած բնակիչներին
Կառավարությունը 25 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած բնակիչներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս փուլում մենք նախնական՝ ուղղակի արագ գումար ենք հատկացնում, որպեսզի աշխատանքները սկսեն հետագա ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար: Ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում մենք քննարկում ունեցանք:
Այդ քննարկման բովանդակությունը շատ չմանրամասնելով ուղղակի արձանագրեմ, որ եկանք այն եզրակացության, որ սահմանապահ գյուղերում վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնենք: Ընդհանուր առմամբ կա կոնտեքստ, որ այդ գյուղերը միևնույնն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, և հետևաբար այնտեղ տեղի ունեցող վերականգման աշխատանքներն արվում էին մի փոքր այս տրամաբանությամբ:
Մենք պետք է տրամաբանությունը փոխենք, և սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե և ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլև մենք պետք է ունենանք այդ գյուղերի, բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն, կոնկրետ ռազմավարություն»:
Կառավարության ղեկավարը նշել է՝ պետք է արձանագրել, որ սահմանապահ գյուղերում ոչ թե Հայաստանն ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից է սկսվում Հայաստանը։ «Ինչպես ընդունված է ասել, որ օրինակ՝ անցման այդ սահմանային, անցագրային կետերից է սկսում երկրից առաջին տպավորությունը, նույն տրամաբանությունը մենք պետք է իրականացնենք սահմանապահ գյուղերում: Մեր երկրի դիմակայունության, մեր երկրի մարտունակության և մրցունակության ամենակարևոր ցուցիչը պետք է լինի սահմանապահ գյուղերում մեր իրականացվող քաղաքականությունը:
Իհարկե, ես չեմ ուզում, որ մենք ակնկալիքների շատ բարձր նշաձող դնենք, որովհետև դա 1-2 օրում տեղի չի ունենա, դա երկարատև աշխատանք պահանջող գործընթաց է, բայց սահմանապահ գյուղերի բնակիչներն այս ոգին, այս տրամադրությունը, այս գործելակերպը պետք է զգան, և դա պետք է սկսվի օր առաջ, րոպե առաջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունն այս քաղաքականությունն առաջ տանելու համար աշխատելու է հետևողական:
Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գյուղերում առաջին հերթին պետք է քաղաքաշինական և քաղաքաշինական նախագծման շատ լուրջ աշխատանք կատարվի:
«Բայց այստեղ խնդիրը միայն շենքեր և շինությունները չեն, խնդիրը այդ համայնքների կյանքի, առօրյայի, աշխատանքի բովանդակությունն է: Մենք պետք է արձանագրենք՝ մարդը ոչ միայն պետք է այնտեղ ապրի, այլև պետք է ունենա զբաղմունք, եկամտի աղբյուր և բարեկեցություն կառուցելու հնարավորություն: Մեր խնդիրն է այդ հնարավորությունները զարգացնել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը հայտնել է, որ այցելույթուններ ենք կատարել սահմանամերձ առավել վնասված գյուղեր՝ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար և Չինարի: «Արդեն ընթացքի մեջ են 7 տան վերկանգնման աշխատանքները: Մաքրման աշխատանքներ են իրականացվում 10 տան ուղղությամբ:
Կարծում ենք, որ առաջին հերթին պետք է վերականգնենք Չինարի գյուղում վնասված տունը. ընտանիքը բաղկացած է 10 հոգուց, որից 5-ը՝ երեխա: Տանտերն առաջարկել է նոր տունը կառուցել ոչ թե նախկինի տեղում, այլ տնամերձ հողամասի մեկ այլ՝ ավելի անվտանգ հատվածում, ինչի հետ մենք համաձայնել ենք: Մենք համայնքների ղեկավարներին առաջարկել ենք կատարել հողահատկացման աշխատանքներ, որտեղ պետք է նախագծենք ազգային ճարտարապետական ոճով նոր կերպարի թաղամասեր. դրանք նույնպես կհատկացնենք կարիքավորներին»,-ասել է Արմեն Ղուլարյանը: