Մամուլ

Կառավարությունը մտադիր է խիստ պատիժներ սահմանել կարաոկեների, դիսկոտեկների, սթրիփ ակումբների, սաունաների համար

Ազգային ժողովը մտադիր է խիստ պատիժներ սահմանել քաղաքացիների հանգիստը խանգարող կարաոկեների, դիսկոտեկների, սթրիփ ակումբների, շոգեբաղնիքների ու սաունաների համար։ ՀՀ կառավարությունն առաջարկում է սահմանափակել կարաոկեների, դիսկոտեկների, սթրիփ ակումբների, բաղնիքների, շոգեբաղնիքների սաունաների գործունեությունը։

Գործադրի առաջարկած «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն այսօր Ազգային ժողովը քննարկեց երկրորդ անգամ։ Ի տարբերություն ապրիլին կայացած առաջին ընթերցման, այս անգամ բուռն քննարկումներ չեղան։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց օրինագծի հիմնական դրույթները։

Պատգամավորները հարցեր ու ելույթներ հարցի շուրջ չունեցան։ «Նախագծով ամրագրվում է, որ կարաոկեները, դիսկոտեկները, հեստապարային ակումբները, բաղնիքները, շոգեբաղնիքներն ու սաունաները չեն կարող տեղակայվել բնակելի շենքերի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում»,- ասաց Մինասյանը։

Իսկ թե ինչ հեռավորության վրա պետք է դրանք գտնվեն, ամեն բնակավայրի համար որոշելու են տեղի իշխանությունները։ Նշված գործունեության համար նաև բավական բարձր տուրքեր են սահմանվում` բոլորը, բացի սթրիփ ակումբներից, մարզերում տարեկան կվճարեն 10-20 հազար դրամ, Երևանում` 30-50 հազար։ Իսկ սթրիփ ակումբները մարզերում կվճարեն` 100-300 հազար, Երևանում` 300-500 հազար դրամ։

Օրենքով սահմանված կարգը խախտելու, առանց համայնքի ղեկավարի թույլտվության գործունեություն իրականացնելու համար վերոհիշյալ օբյեկտները կտուգանվեն սահմանված տուգանքի 50-100-ապատիկի չափով, սթրիփ ակումբները` 1-1,3 մլն դրամով։ Հիշյալ օբյեկտների գործունեության համար օրենքով սահմանված է 3 ժամանակացույց` երեկոյան 22։00-մինչև առավոտյան 7։00-ն, 23։00-7։00 և 24։00-7.00-ն:

Թե դրանցից որը կընտրվի, դարձյալ որոշելու են համայնքային իշխանությունները` ելնելով տվյալ բնակավայրի առանձնահատկություններից։ Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ԱԺ-ի հավանությանն արժանանալու դեպքում օրենքն իրավական ուժ կստանա 1 տարի հետո, որպեսզի գործող օբյեկտները հնարավորություն ունենան իրենց գործունեությունը տեղափոխել օրենքի պահանջներին չհակասող վայրեր։

Աղբյուր՝ armenasputnik.am

Կիսվել