Կառավարությունը մեզ հավի տեղ է դնում. քաղաքացիները ի նշան բողոքի հավեր էին բերել ԱԺ այգի
«ԱՀԱԶԱՆԳ» նախաձեռնության անդամներն այսօր հավեր էին բերել Ազգային ԱԺ այգի: « Կառավարությունը մեզ հավի տեղ է դնում»։ Նախաձեռնության այս քայլը խորհրդանշական բնույթ էր կրում, այդպիսով՝ իրենց բողոքն էին արտահայտում ՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման:
«Մենք կարծում ենք, որ կառավարությունը ՀՀ քաղաքացիներին հավի տեղ է դնում՝ հասարակության նեղ շերտի շահերը պաշտպանող նախագիծը որպես բարձր աշխատավարձ ստանալու խրախուսմանն ուղղված քայլ ներկայացնելով»,-ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան գրառման մեջ:
«ԱՀԱԶԱՆԳ» նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չարտահայտվել «նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին»:
Հայտարարությունում ասվում է․ ««Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներին «ԱՀԱԶԱՆԳ» նախաձեռնությունը կոչ է անում հետամուտ լինել նախագծի հետ կանչմանը և նոր, հասարակության լայն շերտերի շահերը պաշտպանող նախագծի ներկայացմանը: Ընտրողների ձայների 70%-ը ստացած ուժն իրավունք չունի հարվածել այդ նույն մեծամասնությանը:
Բոլոր այն պատգամավորներին, ովքեր չեն կարողանում պատկերացնել նախագծի ուղղակի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող և հասարակության 65%-ը կազմող մարդկանց կյանքի վրա, կոչ ենք անում այսօր տուն գնալ երթուղային տաքսիներով, խոշոր սուպերմարկետների փոխարեն առևտուր անել փոքր խանութներից և ուշադրություն դարձնել խանութի այլ հաճախորդների ևս, պարզապես շրջել Երևանի արվարձաններով կամ ՀՀ մարզերով:
Վստահ ենք` այս պրոֆիլակտիկայից հետո հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել թեկուզ մի քանի հազար դրամի` մարդկանց կյանքի վրա ունեցած ուղղակի ազդեցության վերաբերյալ»: