Կապանում հերոսաբար զոհվել է 19-ամյա Նարեկ Հայրապետյանը
Կապանում հերոսաբար զոհվել է 19-ամյա Նարեկ Հայրապետյանը
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետևանքով զոհվել է զինծառայող Նարեկ Հայրապետյանը։
19-ամյա Նարեկը Երևանից էր, ապրում էր Կիլիկա թաղամասում։ Ծառայության մեկնել էր 2021 թվականին։ Այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում պատմեց Նարեկի հորաքույրը՝ Կարինեն։
«Նարեկս հայրենասիրական դաստիարակություն էր ստացել, բարի, հարգանքով։ Հրաշք էր Նարեկս՝ մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր», պատմում է հորաքույրը։
Նարեկ Հայրապետյանը ծնվել է 2003 թ․ հունվարի 30-ին, ավարտել է Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 միջնակարգ դպրոցը։
Նարեկը ունի մեկ քույր, ապրում է Ռուսաստանում։
Նարեկը զոհվել է Կապանի ուղղությամբ ռազմական գործողությունների ժամանակ, պատերազմի հենց առաջին օրը։
Նարեկը սեպտեմբերի 13-ին վերջին անգամ կապվել է ծնողների հետ՝ վստահեցնելով, որ իր հետ ամեն բան կարգին է, անհանգստանալու կարիք չկա։ Դրանից ժամեր անց Նարեկը զոհվել է։
Նարեկը հուղարկավորվել է երեկ՝ սեպտեմբերի 16-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հավերժ փառք և խոնարհում հանուն հայրենիքի պաշտպանության հերոսաբար ընկած բոլոր քաջորդիներին։