Կանչեցի դիպուկահար Եվգենի Կաչակին և հրաման տվեցի․ Մարտի 1-ի գործով Շերիֆի ցուցմունքը
Կանչեցի դիպուկահար Եվգենի Կաչակին և հրաման տվեցի․ Մարտի 1-ի գործով Շերիֆի ցուցմունքը
«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա, ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի ցուցմունքը։
2008թ․ փետրվարի 18-ից սկսած ոստիկանության զորքերի զորամասերում իմ հրամանով ծառայության ուժեղացված ռեժիմ էր հայտարարված, որը կապված էր ՀՀ նախագահի ընտրությունների և դրանից հետո Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ տեղի ունեցող շուրջօրյա զանգվածային միջոցառումների հետ։
Այդ օրերին ՀՀ ոստիկանության պետի մոտ պարբերաբար անցկացվում էին խորհրդակցություններ, օպերատիվ ծառայությունների ղեկավարները տեղեկատվություն էին ներկայացնում։
Հերթական խորհրդակցությունը ՀՀ ոստիկանապետի մոտ տեղի ունեցավ 2008թ․ փետրվարի 29-ի երեկոյան, որին մասնակցում էին ոստիկանապետի տեղակալներ Հ․ Հունանյանը, Ա․ Երիցյանը, Ա․ Մահտեսյանը, Ս․ Աֆյանը, քրեական հետախուզության և քննչական գլխավոր վարչությունների պետեր Հ․ Միլիտոնյանն ու Գ․ Համբարձումյանը, ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Ա․ Գզիրյանը, ճանապարհային ոստիկանության պետ Ի․ Իշխանյանը, հասարակական կարգի անվտանգության վարչության պետ Վ․ Խուբլարյանը։
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ծառայությունները հստակ տեղեկություն ունեին, որ Ազատության հրապարակում մեծ քանակությամբ զեք-զիամթերքի, մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված այլ առարկաների կուտակում կար, որոնք մարտի 1-ին բաժանվելու էին հավաքված խմբերին՝ մայրաքաղաքում անկարգություններ կազմակերպելու նպատակով։
Որոշվեց, որ մարտի 1-ի առավոտյան այդ տարածքում հետազոտում պետք է կատարվեր՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ։
Կոնկրետ ոստիկանության զորքերի առաջ խնդիր դրվեց՝ որպես ռեզերվ ժամը 7-ին տեղակայված լինել Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակում։
Միջոցառման ընդհանուր ղեկավարումը հանձնարարվեց գեներալ-մայոր Սաշիկ Աֆյանին։ Ոստիկանության զորքերի ստորաբաժանումների ղեկավարումը և միջոցառմանը մասնակից մյուս ծառայությունների հետ համագործակցությունը կազմակերպելու համար գնդապետ Գեղամ Պետրոսյանը նշանակվեց Սաշիկ Աֆյանի տեղակալ։
ՀՀ ոստիկանապետի մոտ հրավիրված խորհրդակցության ավարտից հետո ես և գնդապետ Գեղամ Պետրոսյանը մեկնեցինք ոստիկանության զորքերի վարչություն։ Թիվ 1031, 1032, 1033 և 1035 զորամասերի և հատուկ նշանակության ջոկատի հրամանատարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ՝ առավոտյան անձնակազմը հանդերձավորել անհատական պաշտպանիչ միջոցներով (սաղավարտ, վահան, ռետինե մահակ, հակագազ, զրահաբաճկոն, ծնկակալ, արմնկակալ), և ժամը 06․30-ին պատրաստվել ելքի։
Թիվ 1032 և 1033 զորամասերի և հատուկ նշանակության ջոկատի հրամանատարներին հանձնարարվեց հատուկ միջոցների կիրառման խմբերը ևս նախապատրաստել։
Մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 06․30-ին, զորամասերի հրամանատարներն ինձ զեկուցեցին անձնակազմերի պատրաստ լինելու մասին, որից հետո, իմ հրամանով, նրանք զորամասերից դուրս եկան և շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ։
1031 զորամասի և ՀՆՋ-ի անձնակազմը Ֆրանսիայի հրապարակ է տեղափոխվել իմ ուղեկցությամբ։ Ժամը 7-ից 5 րոպե պակաս ՈԶ բոլոր ստորաբաժանումներն արդեն տեղում էին։
Նախապես տրված հրահանգի համաձայն՝ ոստիկանության զորքերի անձնակազմն ամբողջությամբ մնաց մեքենաներում։
Ռադիոկապով կամ բջջային հեռախոսով, ներկայումս ստույգ չեմ հիշում, ինձ տեղեկացրին, որ Ազատության հրապարակում ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանների պահանջներին։
Ավելին, նրանք նախապես տեղյակ են եղել ոստիկանական ստորաբաժանումների ժամանման մասին և պատրաստվել էին դիմադրության, ձողերով և մահակներով հարակվել ոստիկանների վրա։
Բացի դրանից՝ Ազատության հրապարակի կողմից լսվում էին աղմուկի ձայներ, սակայն քանի որ մենք միջամտելու հրահանգ չէինք ստացել, ուստի չենք միջամտել օպերատիվ ծառայությունների գործողություններին։
Ժամը 8-ի սահմաններում ես, մի քանի սպաների ուղեկցությամբ, գնացի օպերայի բակ, որտեղ այլևս ցուցարարներ չկային։
Օպերատիվ և քննչական ծառայությունները տարածքում զննություններ էին կատարում։ Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ որ հատվածից ինչ հայտնաբերվեց, բայց ընդհանուր առմամբ բավականին շատ զենք ու զինամթերք կար։
Ժամը 10-ի սահմաններում ես կանչեցի զորամասերի ու հատուկ նշանակության ջոկատի հրամանատարներին, կարգադրեցի մնալ զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի տրամադրության տակ, որից հետո գնացի ՀՀ ոստիկանություն։
Գնդապետ Գեղամ Պետրոսյանը պարբերաբար ռադիոկապով կամ հեռախոսով կապի մեջ է գտնվել իմ հետ, տեղեկացրել իրադարձությունների ընթացքի մասին։ Իմացա, որ մեր անձնակազմի մի մասը տեղափոխվել էր Ֆրանսիայի դեսպանատան մոտ, քանի որ այնտեղ մարդկանց բազմություն է հավաքվել, և իրավիճակը բավականին լարված է։
Գրիգոր Լուսավորչի փողոցում ամբոխը խափանել էր երթևեկությունը, շարքից դուրս էին բերել տարբեր տրանսպորտային միջոցներ, բարիկադներ էին կառուցել։ Հարձակվել էին նաև մեր զինծառայողների ու ոստիկանների վրա։
Գնալով իրավիճակը ավելի էր սրվում, և անհրաժեշտություն կար նոր ուժեր կենտրոնացնել անկարգությունները կանխելու և մայրաքաղաքում հասարակական կարգը պահպանելու նպատակով։
Բացի դրանից՝ ըստ «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի, մեր անմիջական պարտականություններից է ապահովել հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանությունը ոչ միայն անմիջական անկարգությունների վայրում, այլև Երևան քաղաքի մյուս հատվածներում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում