Կանայք սկսել են ավելի շատ վաստակել, մեր օրերում նաև՝ հաճախ դավաճանել. ինչու է աճել ամուսնալուծությունների թիվը
Հոգեբան Իրինա Ծատուրյանը փաստում է՝ հոգեբանական թերապիայի դիմող կանանց և տղամարդկանց բողոքները ամուսնությունների վերաբերյալ աճել են։ Եթե 10 տարի առաջ ընտանեկան զույգը չէր դիմի հոգեբանի՝ խոսելու համար ամուսնալուծության թեմայից, ապա վերջին տարիներին նման դեպքերը շատ են։
Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում առանձնացրել է այն հիմնական պատճառները, որոնց համար կինն ու տղամարդը որոշում են գնալ ամուսնալուծության ճանապարհով։
«Առաջինը սոցիալական ֆակտորն է․ կանայք սկսել են աշխատել տղամարդկանց հետ հավասար, եթե ոչ՝ տղամարդուց ավելի։ Նախկինում կնոջ դերը հասարակության մեջ սահմանված էր այնպես, որ կինը զբաղվում էր տան գործերով, երեխաներով, իսկ տղամարդը՝ գումար վաստակելով։ Եվ այդ դեպքերում, անգամ չսիրելով միմյանց, միևնույն է՝ միասին էին ապրում, որովհետև ավանդույթներ ու հասարակական կարծիք էին հաշվի առնում։
Հիմա կինն է շատ հաճախ ընտանիքի կերակրողը։ Հարց է ծագում՝ դա անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ընտրություն. պարզ է, որ դա անհրաժեշտություն է, որովհետև նաև անցնող պատերազմների ընթացքում տղամարդկանց զոհվելու հետևանքով կինը ստիպված տղամարդու պարտականությունները վերցնում է իր վրա»,- ասում է նա։
Հոգեբանի խոսքով՝ այն կարծրատիպը, թե կինը թույլ օղակ է և պետք է տանը մնա, նույնպես վերջին տարիներին չքացել է հասարակությունից, հիմա աղջիկները 16 տարեկանից աշխատում են ու հետագայում՝ սեփական ուժերով պահում ընտանիքը։ Լինում է, որ շատ դեպքերում տղամարդը չի ցանկանում աշխատել, որն էլ դառնում է բաժանությունների պատճառ:
«Հաջորդ պատճառը հետևյալն է՝ հայ տղան ուզում է ամուսնանալ ֆինանսապես հարուստ աղջկա հետ, հիմա տղաները որոնում են հարուստ հարսնացուների, իսկ աղջիկները փնտրում են հարուստ փեսացուների։ Այսինքն՝ ոչ թե զգացմունքն են հաշվի առնում, այլ գումարը։ Սակայն լինում է, որ ամուսնանալով հարուստ տղայի հետ, աղջիկները տեսնում են, որ նրա սովորությունները չեն համպատասխանում ընտանեկան նորմերին»,-նշում է բանախոսը։
Ծատուրյանն իր ունեցած աշխատանքային փորձից պատմում է՝ հիմա արդիական է հատկապես այն հարցը, երբ ամուսինը կամ կինը գնում են երկրից՝ հետագայում վերամիավորվելու միտումով, սակայն տվյալ երկրում ապրելով, հեռանում են ամուսնական պարտականություններից ու բաժանվում ընտանիքից․
«Շատ հաճախ են հանդիպում դեպքերը, երբ, օրինակ, տղամարդը գնում է ԱՄՆ, խոստանում է կնոջը կանչել իր մոտ, բայց գնում է ու մոռանում ամեն ինչ։ Շատ հաճախ ընկերները, նշանածներն են նաև այդպես վարվում։ Այս ամենի հետևանքով ամուսնությունները նվազում են, իսկ ամուսնական ինստիտուտը զրկվում է իր արժեքներից։ Բաժանությունների և ամուսնությունների ավելացման և նվազման այլ միտումներ էլ կան․ ամուսնական զույգերից մեկը երեխա չի ցանկանում ունենալ»։