Մամուլ

Կալանավորվել է «Սուրմալու»-ում պահեստային տարածքը վարձակալած տնտեսվարողը

Կալանավորվել է «Սուրմալու»-ում պահեստային տարածքը վարձակալած տնտեսվարողը

«Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կրկին կալանավորվել է առևտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն:

2023 թվականի փետրվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկող դատախազի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով: 

Վարույթի շրջանակում պարզվել էր, որ Վ.Հ.-ն, «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Ի.Մ.-ի հետ 2019 թվականին կնքել էր պայմանագիր, որով պարտավորվել էր պահպանել տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային և սանիտարահիգիենիկ պայմանները և իր մեղքով վնաս պատճառելու դեպքում՝ փոխհատուցել այն:

Սակայն, խախտելով պայմանագրով ստանձնած պարտավորությունները և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թականի հունիսի 18-ի հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» պահանջները` իր կողմից վարձակալված պահեստային տարածքում պահեստավորել էր մեծ քանակությամբ հրավառ նյութեր:

Արդյունքում, տեղի էր ունեցել պայթյուն՝ առաջացնելով ծանր հետևանքներ. զոհվել էր 16 անձ, 63 քաղաքացու առողջությանը պատճառվել էր տարբեր աստիճանի վնաս, այրվել էին առևտրային տաղավարներ, պահեստային տարածքներ և ավտոմեքենաներ:

2022 թվականի օգոստոսի 26-ին Վ.Հ.-ն ձերբակալվել էր: Նույն օրը միջնորդություն էր ներկայացվել Վ.Հ.-ի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր:

2023 թվականի հունվարի 21-ին, սակայն, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով կալանավորման՝ որպես խափանման միջոցի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որոշել էր մերժել այն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել