Մամուլ

Կալանավորվել է Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը»․ մանրամասներ

Bavnews.am-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով մեղադրյալներ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կյուրեղյանը կրկին կալանավորվել են։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, փետրվարի 26-ին որոշում է կայացրել՝ Ստեփանյանի և Կյուրեղյանի խափանման միջոցները փոխելու մասին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով։

Քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ ազատ արձակումը լայն քննարկումների տեղիք է տվել, մասնավորապես, շրջանառվում են տեղեկություններ, որ նրա ազատ արձակումը պայմանավորված է սպասվող ընտրություններով, ասել է թե՝ «իշխանությունները մնացել են կրիմինալի հույսին»։

Դատախազությունը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ երեք ամսով։ Բողոք է ներկայացրել նաև Աշոտ Կյուրեղյանի պաշտպանը՝ պահանջելով բեկանել և վերացնել տնային կալանքը՝ որպես խափանման միջոց թողնելով գրավը և բացակայելու արգելքը։

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքները, մեղադրյալները կալանավորվել են։