Կալանավորներ տեղափոխող «ՈւԱԶ»-ը վթարի է ենթարկվել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Մարգարա-Երևան ավտոճանապարհի Մարգարա խճուղի հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 33-ամյա Հայկ Կիրակոսյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Կիրակոսյանի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Էդգար Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Նաիրի Մկրտչյանը։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «ՈւԱԶ»-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հաշվեկշռում և ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից 2 կալանավորված անձանց տեղափոխում էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի քրեական դատարան։