Մամուլ

Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել. մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին իշխանական շրջանակներից փոխանցվել է տեղեկություն, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը նպատակ է դրել Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության օրը՝ հոկտեմբերի 27-ին, նրան գահընկեց անել:

Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ ռեպրեսիաները «մատուցում» են իբրեւ «եկեղեցու վերափոխման անհրաժեշտություն», ու նպատակ են դրել մինչեւ հոկտեմբերի 27-ը վճռական քայլեր ձեռնարկել եկեղեցու ներքին կառավարման ուղղությամբ։

Հիշեցնենք՝ հենց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին է Ամենայն հայոց կաթողիկոսը գահակալել, եւ ՔՊ-ն 26 տարի անց որոշել է կաթողիկոսական ընտրությունների արդյունքները վիճարկել` հարձակվելով եկեղեցու վրա:

Մինչ այդ, իրավապահները կշարունակեն ճնշումները հոգեւորականների նկատմամբ, հատկապես նրանց, որոնք Կաթողիկոսին ազգական են կամ շրջապատին մոտ, ինչպես եղավ Արագածոտնի թեմի առաջնորդ, կաթողիկոսի քեռորդի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի երկամսյա կալանքի դեպքում:

Եկեղեցի էլ կներխուժեն՝ առանց վարանելու: Իշխանական ներկայացուցիչների մեկնաբանությամբ, «հոգեւորականներն էլ են քաղաքացիներ, եւ եթե որեւէ մեկը օրենք է խախտում, պետք է պատասխան տա»։

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ առաջիկայում վարչապետը նախատեսում է մասնակցել Հովհաննավանքի պատարագին, որը կազմակերպել է 17 հոգեւորականների ձերբակալման պատճառ դարձած, ՔՊ-ի կողմից հովանավորվող Տեր Արամ քահանան: Այնտեղ Նիկոլ Փաշինյանը կտա իր ծրագրի հաղթական մեկնարկը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գահակալության օրը նրան գահընկեց անելու պլանավորմամբ»։