Կաթողիկոսը կարգալույծ արեց Կորյուն աբեղա Առաքելյանին
«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մասնակիցը դասվեց աշխարհականների շարքը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը` եկեղեցականին անհարիր վարքագծի ու հակականոնական ընթացքի համար: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, ինչպես նաև սահմանված մեկշաբաթյա շրջանում զղջմամբ ու ապաշխարությամբ դարձի գալու հորդորի անտեսումը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը՝ Արմեն Առաքելյան ավազանի անունով:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մեջ ընդգրկված Կորյուն աբեղայի և մի խումբ աշխարհականների պահվածքի և գործողությունների առնչությամբ անցնող շաբաթների ընթացքում իրենց անհանգստության և դատապարտության խոսքն էին հնչեցրել եպիսկոպոսաց դասը, բազմաթիվ եկեղեցականներ և հավատացյալներ ինչպես Հայաստանից, այնպես և Սփյուռքից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները հուլիսի 6-ին խնդրագրով դիմել էին Վեհափառ Հայրապետին կարգազանց հոգևորականին պատասխանատվության ենթարկելու խիստ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում որոշում էր կայացվել Նորին Սրբության հորդորով մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո։
Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունն արդեն շուրջ 2 ամիս բողոքի ակցիաների միջոցով պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։ Շարժման մասնակիցները` Հայր Կորյուն վարդապետի, Տեր Արմեն քահանայի և Տեր Կորյուն քահանայի գլխավորությամբ, հավաքվում են Երևանում կաթողիկոսի նստավայրը համարվող Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում, երթեր և ցույցեր անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ Էջմիածնում։
Աղբյուր՝ armeniasputnik.am