Մամուլ

«Ծովինար» ջրամբարում փրկարարները, ջրասուզակն ու քաղաքացիները շարունակում են երեկվանից ջրահեղձ եղած կնոջ մարմնի հայտնաբերման աշխատանքները

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ մարտի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության, նույն վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի տրափրկարարները առավոտյան ժամը 09:00-ից շարունակում են երեկ՝ մարտի 11-ից Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Ծովինար» ջրամբարում ջրահեղձ եղած կնոջ մարմնի հայտնաբերման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները տեղում ղեկավարում են Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանը և ջրափրկարար Վահե Մելքոնյանը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի մեծ թվով համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։ 

Որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Երեկվանից նաև մեծ թվով քաղաքացիներ ու որոնվող կնոջ հարազատներն են մասնակցում որոնողական աշխատանքներին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք երեկ՝ մարտի 11-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Ծովինար» ջրամբարում, հավանաբար ջրահեղձ է եղել։

Ժամանել էին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։

Փրկարարները մոտ 2 ժամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքների արդյունքում չէին հայտնաբերել քաղաքացու մարմինը, ինչից հետո որոնողական աշխատանքներին միացել էին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սևանից ժամանած Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի ջրափրկարար Վահե Մելքոնյանը։

Մոտ 2 ժամ ջրասուզակը նույնպես որոնողական աշխատանքներ էր կատարել, սակայն դին չէր հայտնաբերվել։

Որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին՝ վաղը առավոտյան վերսկսելու համար։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ամալյա Ս․-ն է և ջրամբարի ափին նրա գլխարկն է հայտնաբերվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում