Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի տեղական շուկայում
Ծովագյուղում արտադրված հնդկաձավարը շուտով կհայտնվի տեղական շուկայում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ:
Նախարարը մեկնել է Ծովագյուղ համայնք, որտեղ եղել է ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված հնդկացորենի վերամշակման գործարանում: 2015 թվականից մարզում ENPARD–ի շնորհիվ ստեղծվել են 5 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են հնդկացորենի մշակությամբ, և հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում:
Նախարարի խոսքով` սա բավական հետաքրքիր ծրագիր է, որը հնարավորություն կտա փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի պահանջակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո կառավարությունը ծրագրի շարունակականությունն ապահովելու և ընդլայնելու նպատակով կքննարկի հնդկացորենի արտադրության համար հատուկ պարարտանյութերի և սերմացուի սուբսիդավորման հարցը:
Պատասխանատուները հավաստիացրել են` արդեն ապրիլի վերջին կունենան փաթեթավորված վերջնական արտադրանք, և հայաստանյան սպառողը հնարավորություն կունենա մանրածախ շուկայից գնել Գեղարքունիքում արտադրված հայկական հնդկաձավարը:
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավելել է, որ կառավարության աջակցության պարագայում հնդկացորենի արտադրությունը մարզում զարգացման մեծ հեռանկարներ կարող է ունենալ և ցանքատարածությունները կհասնեն մինչև 1000 հեկտարի:
Այնուհետև նախարարն ուղևորվել է մարզկենտրոն Գավառ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Օրակարգում մարզից ներկայացված ներդրումային ծրագրերն էին, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման և մրցունակության» ծրագրին, ինչպես նաև պետության կողմից սուբսիդավորված սերմացուների և պարարտանյութերի պարտքերի վերադարձին առնչվող և այլ հարցեր:
Գեղարքունիքի մարզից կառավարության քննարկմանը ներկայացված ծրագրերից 7-ը հավանության է արժանացել, որից 3-ի պարագայում նաև հստակեցվել են ֆինանսավորման աղբյուրները, ընդ որում Ակունքի պանրի գործարանի գործարկման առաջարկությունը համարվել է տարածաշրջանի զարգացման համար լոկոմոտիվային:
Այն կյանքի կոչելու դեպքում մարզում կստեղծվի 25-30 աշխատատեղ, կլուծվի ամռան ամիսներին կաթի մթերման խնդիրը: Մարզից ներկայացված մյուս ծրագրերը վերաբերում են կաթի մթերման և կաթնամթերքի արտադրության հզորությունների ընդլայնմանը, շինշիլաբուծական տոհմային տնտեսության, ոչխարաբուծության զարգացմանը, կտավատի ձեթի արտադրությանը, հնդկացորենի արտադրության և հնդկաձավարի իրացման համակողմանի ավելացմանը:
Նախարարը շահառուների հետ քննարկել է ծրագրերի իրատեսականությունը, ֆինանսավորման աղբյուրների ներգրավման հնարավորությունները և այլ հարցեր: