Մամուլ

Ծնողի ֆեյսբուքյան գրառումը կարող է դառնալ երեխային դպրոցից հեռացնելու պատճառ

Ֆեյսբուքյան օգտատեր Նվարդ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր բաց նամակ՝ ուղղված ծնողներին և ուսուցիչներին: Ժամեր անց ծնողը տեղեկացրեց, որ այդ նամակը կարող է դառնալ երեխայի՝ դպրոցից հեռացվելու պատճառ: Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Դեռևս ուսանողական տարիներից ականատեսն եմ այն դառը իրականության, ինչի մասին կգրեմ ստորև։ Դեռևս ուսանողական տարիների պրակտիկայից մշտապես զգացել եմ անարդարության շունչը։ Սակայն վերջին տարիների ընթացքում այս իրողությունը առավել ակնհայտ ու ցավալի է դարձել։

Ուրեմն այսպես. չգիտեմ՝ ինչպես, չգիտեմ՝ երբ, չգիտեմ՝ ով, բայց որոշեցին, որ «ծնողկոմիտե» կոչվող թալանի որջը պետք է լինի այսպիսին.

1. պետք է լինի դպրոցի պարտադիր բաղադրիչը,

2. այդ նույն ծնողկոմիտեի նախագահն ու անդամները պետք է դառնան թելադրող,

3.  ծնողկոմիտեի նախագահի և անդամների համար ուսուցիչ է միայն դասղեկը, նրանց թվում է՝ միայն դասղեկով է երեխան աշակերտ, այդ իսկ պատճառով իրենց հավաքած կլորիկ գումարների կամ նվերների միակ հասցեատերը դասղեկն է, ոչ թե նաև մյուս ուսուցիչները,

4.  ծնողկոմիտեի նախագահի և անդամների բալիկները բոլոր միջոցառումներին պետք է լինեն միջոցառման «աստղն» ու զարդը,

5.  ծնողկոմիտեի նախագահն ու անդամները դասարանի մյուս ծնողների գրպանների հաշվին պետք է նվերներ գնեն դասղեկի համար, քծնեն ու շողոքորթեն դասղեկին՝ դրանով իսկ իրենց բալիկներին դարձնելով «գերազանցիկ», միջոցառումների ժամանակ էլ՝ հաղորդավար կամ գլխավոր հերոսուհի (երբեմն էլ 2 դեր միանգամից),

6. ծնողկոմիտեի նախագահն ու անդամները մյուս ծնողների գումարի հաշվին պետք է նվերներ կամ օժիտի պարագաներ գնեն նորաթուխ հարսիկ դարձած դասղեկի համար, հետո էլ իրենց բանդա|յով գնան դասղեկի տուն կամ ծաղիկներ առաքեն (էդպես լավ չի, գուցե հետո էլ դասղեկի նորածին երեխայի տակդիրների գումարը ծնողները տան՝ դա էլ «նվերի» տարբերակ է),

7. ծնողկոմիտեի նախագահի և անդամների բալիկները բոլոր, անխտիր բո֊լոր միջոցառումների ժամանակ ունենում են մի քանի դեր՝ անգամ զգեստափոխվում, իսկ շարքային ծնողն արցունքն աչքերին սպասում է իր բալիկի 1-2 տող խոսքին, որն այլևս փայլ ու շունչ չունի, եթե համեմատես վերոնշյալ «կարևորագույն» անձանց երեխաների ելույթների հետ, քանի որ ներկաների աչքերում քո երեխան դառնում է խամրած ու ծույլիկ աշակերտ՝ իր այդ չնշմարվող խոսքով,

8. դպրոցի բակում և ծնողական_ժողովների ժամանակ էլի նույնն է՝ կա-չկա, 2-3 աշակերտ կա, ում մասին մշտապես խոսում են. հա՛, հա՛, ճիշտ եք, էլի ու էլի ծնողկոմիտեի երեխաների մասին…

Շարքն անվերջ կարելի է շարունակել… կարելի է շարունակել, քանի որ մշտապես նույն անարդարությունն է, նույն կեղծիքի վրա հիմնված «հրաշալի» դասարանային կոլեկտիվն է։

Հա, չմոռանամ՝ բա ի՜նչ կարևոր է դառնում ծնողկոմիտեի երեխան, երբ այդ երեխայի հայրիկը վարում է Jeep կամ Range_rover… այդ երեխան դասղեկի աչքերում բարձրանում է ճիշտ այնքան, որքան հայրիկի մեքենայի գինն է բարձր։ Այդ երեխան, օրինակ, «Ա» տառի բացման ժամանակ կարող է լինել հենց «Ա» տառը, իսկ Ամանորի հանդեսին՝ թե՛ Ձունանուշ|ը, թե՛ հաղորդավարուհին՝ միանգամից 2 դերով, և 2 դերերի համար էլ նա կզգեստափոխվի, իսկ դու սրտատրոփ կսպասես քո երեխայի խոսքին, որից ոչ թե կուրախանաս, այլ աղի արցունքներիդ համը կզգաս։

Ու ոչ ոքի մտքով չի անցնի, որ յուրաքանչյուր ծնողի համար իր դուստրն այդ օրվա Ձյունանուշիկ|ն է, այդ օրվա գեղեցկուհին… Ու ոչ ոքի մտքով չի անցնի, որ կարելի է այդ երկու դերերից մեկը տալ մի ուրիշ բալիկի, ով ստվերում է մնում, քանի որ իր մաման չի բարձրաձայնում հոգու ճիչը, կամ ում հայրը Jeep կամ Range Rover մակնիշի մեքենա չունի…

Հ.գ. Այն, ինչ գրել եմ վերևում, գրել եմ թե՛ որպես ուսուցչուհի, թե՛ որպես ծնող… գրել եմ՝ անարդարության ցավից մրմռացող սրտումս հույսի նշույլ փայփայելով, հույս, որ մի օր դպրոցներից արմատախիլ կարվի «ԾՆՈՂԿՈՄԻՏԵ» կոչվող կրակ ու պատիժը, հույս, որ ոչ մի երեխա չի մնա ստվերում, քանզի իր մայրը քծնվող չէ, հայր չունի կամ էլ ծնողկոմիտեի բալիկ չի…»

Կիսվել