Ծննդյան օրը շնորհավորելը դիմացինի իրավունքն է, հիվանդ է այն հասարակությունը, որը անիծում է ու հայհոյում
«Հրապարակ»-ը գրում է․ «Ծննդյան օրը շնորհավորելը դիմացինի իրավունքն է, հիվանդ է այն հասարակությունը, որը անիծում է ու հայհոյում․․․ Այո, 2018-ի ապրիլյան հեղափոխությունը շատ կապանքներ արձակեց։ Մարդիկ հասկացան, որ իրենք ուժ են եւ կարող են իշխանություն փոխել, չնայած դրանից ընդամենը 1 տարի առաջ հնազանդորեն մոտ 700 հազար ձայն էին տալիս իրենց կողմից մերժված քաղաքական ուժին՝ ՀՀԿ-Ին։
Հասկացան, որ կարող են ոչ միայն իշխանություններին մերժել եւ ճամփել տուն, այլեւ նրանց քննադատել ու չպատժվել, անգամ՝ հայհոյել ու զրպարտել եւ չպատժվել։ Մի կողմից այս ազատագրումը շատ լավ բան է՝ վախի, ստորաքարշության, անպատժելիության դեմ պայքարի կարեւոր քայլ է։
Բայց մյուս կողմից պարզվեց, որ մեր հասարակությունը չունի չափի զգացում՝ քննադատությունը վերածվում է հայհոյախոսության, վախը վերանում է հայտնվում է ցինիզմն ու անամոթությունը, մարդու դեմ հակափաստարկները փոխարինվում են անեծքներով ու ատելությամբ, թալանի դեմ պայքարը հիմնվում է անհիմն կասկածների ու բոլորին սեւացնելու վրա, անցյալի արատավոր երեւույթների դեմ պայքարը վերածվում է անցյալը ժխտելուն եւ ամեն բան տրորելուն։
Որպեսզի այս ձեւախեղումները չլինեին հարկավոր էր ուժեղ եւ գրագետ իշխանություն, թացը չորից զատող իշխանություն, որը ինչ որ արժեքային համակարգ ունենար, կարողանար հանրային օրակարգ սահմանել ու չարության մթնոլորտը չխրախուսեր։ Բայց մենք, ցավոք, ունենք հակառակ պատկերը։
Սա մի բումերանգ է, որի ընթացքը կասեցնել չէր հաջողվելու ոչ մեկին, անգամ Նիկոլ Փաշինյանին։ Ուստի ամենաճիշտ պահվածքը այդ ատելության, չարության, հայհոյախոսության դեմն առնելն էր՝ դեռ սաղմնավորման փուլում։ Որովհետեւ ատելությունից ու չարությունից ոչ մի լավ բան երբեք չի ծնվել ու չի ծնվելու։ Այն քանդող, ավերող, այլասերող հատկություն ունի, ինչը չհասկացան մեր երիտասարդ իշխանավորները։
Եթե դեռ հետհեղափոխական օրերին նրանք սաստեին իրենց քննադատողների հասցեին չարախոսող, անիծող ու վատաբանող մասսային, այսօր մենք բոլորովին այլ կետում կլինեինք։ Եւ ատելության ու չարության ալիքը կամաց չէր տեղափոխվի դեպի Հայկ Մարության՝ ով չի կարողանում լուծել մայրաքաղաքի աղբահանության հարցը, դեպի Նիկոլ Փաշինյան ու որոշ թիմակիցներ, որոնք ասում են, որ Ամուլսարը պետք է գործի եւ Ստամբուլյան կոնվենցիան գեյերի կոնվենցիա չէ։
Դեպի Աննա Հակոբյան, ում, որպես ակտիվ կին, որոշ մարդիկ չեն հանդուրժում։ Դեպի Արայիկ Հարությունյան, ում որոշումների մի մասը մերժվում է համակարգի կողմից։ Դեպի Բաբկեն Թունյան, ով ընդամենը իր հարեւան անգրագետ Պողոսի մասին հումորային գրառում է արել եւ այլն, եւ այլն։
Հիմա էլ, ի դեպ, ուշ չէ։ Իշխանությունը պետք է հանդուրժող լինի եւ հանդուրժողականություն քարոզի։ Իր կուսակիցների ու ֆեյքերի միջոցով չպետք է այդ չարության քարոզը շարունակի։ Եւ երբ մարդիկ պախարակում են ճանաչված սպորտսմենին՝ ազգի կուռքերից մեկին՝ Արթուր Աբրահամին, միայն նրա համար, որ նա շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահի ծննդյան օրը, պետք է սաստեն այդ մարդկանց։ Պետք է հասկացնեն, որ մարդու ծննդյան օրը շնորհավորելը դիմացինի իրավունքն է եւ ոչ ոք չի կարող նրան զրկել այդ իրավունքից։ Որ տգեղ է երբ հանրությունը միջամտում է նեղանձնային հարաբերություններին, որ հիվանդ է այն հասարակությունը, որը մարդու ծննդյան օրվա շնորհավորանքներն է անիծում ու հայհոյում։
Առհասարակ՝ ոչ մի մարդու նկատմամբ ատելությունն ու չարությունն արդարացում չունի եւ չպետք է խրախուսվի։ Անգամ ծանր հանցագործների հանդեպ հանրությունը պետք է նման վերաբերմունք չունենա։ Այո, հանցագործը պետք է պատժվի, բայց նրա արժանապատվությունն ու անձը վիրավորել չի կարելի։ Քանզի մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել այդ վիճակում եւ միշտ պետք է հիշել, որ կա սխալվելու հավանականություն՝ անգամ իրավապահ մարմինները կարող են սխալվել, ուր մնաց թե շարքային մարդիկ՝ իրենց գնահատականների ու վերաբերմունքի մեջ»։
Աղբյուր՝ hraparak.am