Մամուլ

Ծերանոցի նախկին տնօրենը դատի է տվել Մանե Թանդիլյանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 5-ին աշխատանքից ազատել է «չորրոդ գյուղում» գտնվող համար մեկ տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանին։ Հիմնավորումը՝ Զուրաբյանի նկատմամբ վստահությունը կորցնելն է։ Նախարարի մամուլի խոսնակ Մանե Մադոյանը պարզաբանեց Զուրաբյանի պաշտոնանկության պատճառները։

«1. ՀՀ օրենսդրությամբ, կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով սահմանված լիազորությունների ու պարտականությունների ոչ լիարժեք կատարում,

  1. Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և սոցիալապես անապահով հատուկ խմբերի համար նախատեսված սոցիալական բնակարանների ոչ նպատակային օգտագործում,
  2. Աշխատողի նկատմամբ վստահության բացակայություն, 4. Աշխատակցի գրավոր բողոք՝ Վահան Զուրաբյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ,
  3. Շահառուի գրավոր բողոք՝ Վահան Զուրաբյանի պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ: Պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ քրեական գործի առկայություն,
  4. Բազմաթիվ քաղաքացիների բողոքներ Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող սոցիալական բնակարանային շենքում անպարկեշտ միջավայրի առկայության մասին․
  5. ԱՍՀՆ-ում ստեղծված աշխատանքային հանձնաժողովի կողմից բացահայտված բազմաթիվ չարաշահումներ՝ վարձով տրված բնակարաններ, չբնակեցված բնակարաններ»։

Վահան Զուրաբյանը համաձայն չի այս հիմնավորման հետ։ «Մինչև աշխատանքից ազատելը ինձ պարզ հասկացրեցին, որ ինձ հետ չեն ուզում աշխատել», – ասում է նախկին տնօրենը։ Վահան Զուրաբյանը վստահեցնում է, որ իրեն հստակ չեն ներկայացրել, թե ինչն է ազատման պատճառը և ինչու և երբ են կորցրել իր նկատմամբ վստահությունը։ Նա իր պաշտոնանկության մի քանի վարկած ունի։

Ասում է, որ Մանե Թանդիլյանն է իրենից դժգոհ։ Վերջերս նախարարը գիշերով այցելել է ծերանոց, պահակը իրեն չի ճանաչել և ներս չի թողել, որից հետո, ըստ Վահան Զուրաբյանի, նա այնուամենայնիվ մտել է ներս, անցել է տարածքով և հայտնաբերել է, որ լողասենյակներից մեկում չկա վարագույր։ «Իրեն բացատրվել է, որ վարագույրն իմաստ չունի, քանի որ այնտեղ լողացող ծերերն ինքնուրույն չեն կարողանում դա անել և նրանց օգնում են», – ասում է Վահան Զուրաբյանը։

Մանե Թանդիլյանը նաև գոհ չէր սոցիալական բնակարանային ֆոնդի բաշխման համակարգում եղած խնդիրներից։ Այդ ծրագրով մանկատան նախկին սաները, ծնողազուրկ երեխաները, միայնակ թոշակառուները բնակտարածք էին ստանում։ «Պայմանագրերը կնքելն ու հսկողությունը, օժանդակումը, հարկ եղած դեպքում պայմանագրի լուծումը մեզ վրա էր, իսկ բնակարաննները տալիս է նախարարությունը։ Սա ամենածանր խավն է, բնակարանի հետ կապված եղել են բազմաթիվ խնդիրներ։

Մեկը ստեղ չի կարողանում ապրել, աշխատանք չի գտնում, գնում է Ռուսաստան, մյուսը վարձով է տալիս բնակարանը, ինչի իրավունքը չունի։ Նման մարդկանց պետք է բնակարանից զրկես, բայց մենք միանգամից չենք զրկել, առանձին-առանձին հետները խոսել ենք, ժամանակ ենք տվել, որ ուղղվեն։ 17 պայմանագիր լուծել են, և դա քիչ չի։ Բայց նախարարն ուզում էր, որ անմիջապես լուծվեն պայմանագրերը, մի օր էլ չտանք նրանց, ինձ ասեցին՝ ինչու, եթե ժամկետը լրանում է, նույն րոպեին չես լուրծել պայմանագիրը։

Ես հանդիպեցի, ասեցի իրեն՝ եթե ձեր քաղաքականությունը դա է, ես երեք օրում բոլորի պայմանագրերը կլուծեմ, բայց սա այն խավը չի, չի կարելի այդպես վերաբերվել նրանց հետ։ Օրինակ, մի մանկատան սան կա, ասում է՝ լավ եմ արել, վարձով եմ տվել տունս, կարա՞ք հանեք։ Սա էն երեխեքից է, որ բենզին կլցնի, իրեն կվառի, այդ կատեգորիան է։ Եթե հանկարծ վնաս տվեց իրեն, ի՞նչ ենք անելու»։ Վստահությունը կորցնելու երկրորդ պատճառը, ըստ տնօրենի, կարող է լինել «Ելք» դաշինքի ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի այցը առաջին տուն-ինտերնատ, այս տարվա հունվարին։ Այդ ժամանակ ինքը մի քանի ամսվա տնօրենի ԺՊ էր։ Գորգիսյանը ականատես էր եղել, թե ինչպես են ծերերը բողոքում կերակուրից, որոշ կիսաքանդ սենյակներ էր այցելել, որտեղ բնակվելը վտանգավոր էր առողջության համար։

«Այդ ժամանակ Գորգիսյանը եկավ, աշխատողներիցս մեկը նրա մայրիկի ստաժորն էր՝ ցույց տվեց իրենց խնդիրներով սենյակները, այն ժամանակ ես նոր էի աշխատում, դեռ նոր էի սկսել սենյակներում հիմնանորոգումներ անել, հիմա էլ այդպիսի սենյակներ չես գտնի մեզ մոտ», – ասում է Վահան Զուրաբյանը։

Նա նաև պատմեց, որ տարածքից դուրս գալուց, Գորգիսյանը խփել իր ավտոմեքենային և առանց իրեն ասելու, փախել է։ «Մի հատ էլ մեքենայիս խփեց, փախավ Գորգիսյանը, ես դիմեցի ոստիկանություն։ Եկավ, ներողություն խնդրեց, ես բողոքս հետ վերցրեցի։ Հիմա, երևի, նեղացած է մնացել ինձանից»։ Իրեն գործից ազատելու երրորդ վարկածն էլ այն է, որ Մանե Թանդիլյանը կոնկրետ մարդ ունի, որին ուզում է նշանակել իր տեղը։

Տեղեկություններ կան, որ նա Մանե Թանդիլյանի համերկրացին է, Ալավերդուց, որը առնչություն չի ունեցել սոցապ համակարգին։ Վահան Զուրաբյանին որևէ պաշտոնական բացատրություն չի տրվել աշխատանքից ազատման վերաբերյալ։ «Պատճառաբանությւոն գոյություն չունի, ինձ ասեցին՝ հիմնարկում ինչ խնդիրներ ունեք, ներկայացրեք, ես ներկայացրեցի, ինձ ասեցին՝ համաձայն չենք ու վերջ։

Կարելի է քննարկել միասին և լուծում գտնել խնդիրներին, թող ինձ ասեին, ես կանեի, ես լուծող եմ», – դժգոհում է Վահան Զուրաբյանը։ Աշխատանքից ազատման հրամանը ուղարկվել է Վահան Զուրաբյանի էլեկտրոնային հասցեին։ «Ես եղել եմ անաշխատունակության մեջ, հիվանդ էի թոքաբորբով։ Ամսի ութին եկա գործի, տեսա, որ ազատման հրաման է եկել, գնացի տուն։ Հիմնավորման հետ համաձայն չեմ։ Գտնում եմ, որ ինձ ապօրինի են ազատել աշխատանքից և դիմել եմ դատարան»։

Առավել մանրամասը՝ hraparak.am

Կիսվել