Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ» ակումբում
Երեկ՝ սպտեմբերի 27-ին, ժամը 02։10-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Հերացի փողոցում գործող «Արամե մյուզիք հոլ» ակումբում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը ՌԴ քաղաքացի 41-ամյա Մաքսիմ Վ․-ն է։ Պարզվել է նաև, որ նա տեղափոխվել է «Արամե մյուզիք հոլ» ակումբից։
Ոստիկանները ակումբում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալում են Երևանի բնակիչներ 51-ամյա Դավիթ Մկրտչյանին, 51-ամյա Վահե Եսայանին, 32-ամյա Ալբերտ Արեվշատյանին և 48-ամյա Արտաշես Աբրահամյանին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին, որտեղից էլ այնուհետև դեպքի վայր է ժամանում քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով բերման ենթարկվածներից Ա․ Արեվշատյանը ձերբակալվել է, մյուսները ազատ են արձակվել, իսկ Ա․ Արեվշատյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արեվշատյանի որդին է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։