Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում
Երեկ՝ հունվարի 20-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցե Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկ»-ի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված պարկ են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, որտեղ պարզվել է, որ ստացած տեղեկությունը հավաստի է։
Մինչ ոստիկանների դեպքի վայր հասնելը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ «պոլիտրավմա հարցական, Գ.ՈՒ.Վ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 55-ամյա Լյովա Մ․-ն է։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ այս պահին կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզում են, որ այդ օրը ժամը 10։30-ի սահմաններում Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկ»-ում վիճաբանություն է տեղի ունեցել Լյովա Մ․-ի և Երևանի բնակիչներ 48-ամյա Վարդգես Պապյանի և 58-ամյա Արթուր Հովհաննիսյանի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել Լյովա Մ․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Վ․ Պապյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության ծառայության պետն է, իսկ Ա․ Հովհաննիսյանը աշխատում է «Քինգ Մարշալ» ընկերությունում, որպես անվտանգության աշխատակից է։
Ֆոտոլրագրողի տեղեկություննեորվ՝ այս միջադեպի մասին իմացել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը, ով փորձել է այնպես անել, որպեսզի իրավապահները չիմանան միջադեպի մասին, սակայն այս դեպքում համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ոստիկանները Ս․ Բեջանյանին «շախ ու մատ» են արել։
Լուսանկարում Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրոտրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանն է
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։